«Երբեք սրտի դատավոր չեմ եղել։ Այդ մասին են վկայում բազմաթիվ կարգապահական վարույթները»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե «գնացեք պարզեք՝ դատավորներից ով ում փեսան է», և լրագրողի դիտարկումը, թե մամուլում տեղեկություններ կային, որ Աննա Հակոբյանի հովանավորչությամբ է հենց ինքը Վճռաբեկ դատարան գնացել, և արդյոք դա չի տեղավորվում Փաշինյանի նշած տրամաբանության մեջ, Հովսեփյանն ի պատասխան ասաց. «Ես 30 տարվա դատավոր եմ։ 27 տարի աշխատել եմ առաջին ատյանում։ Որևէ մեկն այդքան երկար չի աշխատել առաջին ատյանում, դրանից հետո գնացել Վճռաբեկ դատարան։ Այդ ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ։ Վճռաբեկ դատարանում ովքեր եղել են, ցույց տվեք այն անձին, որն ավելի արժանավոր էր, քան ես»։
Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը, Արտակ Մկրտչյանը։
Հարցին, թե Նաիրա Հովսեփյանը, որպես անմահացած զինծառայողի մայր, ինչպես է վերաբերում վերջին շրջանում հերոսների նկարները քաղաքի պատերից մաքրելուն, նա այսպես արձագանքեց.
««Զոհված» բառը չեմ սիրում, ուզում եմ ասել՝ անմահացած տղաներ։ Հիշատակի տարբեր ձևեր կան։ Իմ տղայի նկարը երբեք չի եղել։ Մի քիչ հուզական հարց է, շատ շեշտավոր հարց է։ Կարծում եմ՝ ինչ պատասխան էլ տամ, որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չի գա, առավել ևս, որ խոսքը խոցելի խմբի մարդկանց մասին է։ Դրա համար այդ հարցին չեմ ուզում պատասխանել»։
Անդրադառնալով ընտրովի արդարադատության մասին տարածված մտահոգություններին՝ Հովսեփյանն ասաց.
«Ես 30 տարի իրականացրել եմ արդարադատություն, այդ անկախությունը պահպանել եմ։ Բոլոր բնագավառներում էլ կան մարդիկ, որոնք թերացել են իրենց աշխատանքում։ Եթե կան մարդիկ, որոնք արդարադատություն չեն իրականացնում, ուրեմն նրանց նկատմամբ կկիրառվեն համապատասխան որոշումներ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: