Նրանք Հայաստան էին գալիս մի քանի ճամպրուկով, բայց իրենց հետ բերում էին ամբողջ կյանքը։ 1946-49 թվականների Մեծ հայրենադարձությունը հաճախ ներկայացվել է որպես ազգային ոգեւորության պատմություն կամ խորհրդային քաղաքական նախաձեռնություն։
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Հայաստան. բաց դուռ» ցուցահանդեսը փորձում է ցույց տալ, որ իրականությունը շատ ավելի բարդ էր. այն միաժամանակ ազգային երազանքի, պետական հաշվարկի, անձնական հույսերի եւ ցավոտ հիասթափությունների պատմություն է։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Մեծ հայրենադարձության 80-ամյակի առթիվ՝ Հայաստանի պատմության թանգարանի եւ «Ֆակտում» փաստագրական կենտրոնի համագործակցությամբ։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հիշեցնում է, որ նույնիսկ ութ տասնամյակ անց թեման շարունակում է մնալ կիսաբաց։
«Սա 20-րդ դարի ամենակարեւոր պատմական իրադարձություններից մեկն է։ Բայց նաեւ մի իրադարձություն, որի բոլոր պատմությունները դեռ չեն պատմվել։ Շատ փաստեր դեռ ներկայացված չեն, շատ շերտեր դեռ ուսումնասիրված չեն»։
Ցուցահանդեսն էլ հենց այդ տրամաբանությամբ է կառուցված։ Այն սկսվում է ոչ թե Երեւանից, այլ նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ այն քաղաքներից, որտեղ մարդիկ պատրաստվում էին մեկնել մի երկիր, որի մասին գիտեին հիմնականում պատմություններից ու խորհրդային քարոզչական ֆիլմերից։ Այստեղ հայրենիքը նախ ծնվում է երեւակայության մեջ։ Հետո՝ նավի վրա։ Եվ միայն հետո՝ իրականության մեջ։
Մեծ հայրենադարձության մասին խոսելիս՝ սովորաբար առաջինը հիշատակվում է թիվը՝ շուրջ 90 հազար մարդ։ Բայց այդ թվի հետեւում կային հարյուր հազարավոր ուրիշ մարդիկ, որոնք նույնպես ցանկանում էին գալ, սակայն այդպես էլ չեկան։
«Հայրենադարձությունը մեծ խորհրդային PR գործողություն էր։ Սա իմ՝ որպես հետազոտողի անձնական կարծիքն է․ նրանք ուզում էին աշխարհին ցույց տալ, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ գալիս Սովետական Հայաստան։ Իրականում մոտ 400 հազար մարդ էր գրանցվել հայրենադարձության համար։ Հետո հասկացել էին, որ այդքան մարդ ընդունելու տնտեսական հնարավորություն չունեն եւ կանգ առան մոտ 90 հազարի վրա»,- ասում է Տիգրան Պասկեւիչյանը։
Խորհրդային քարոզչությունն աշխատում էր մանրուքների մակարդակով։ Տիգրան Պասկեւիչյանը տարիների ընթացքում հավաքել է բազմաթիվ դրվագներ, որոնք այսօր գրեթե անհավանական են թվում։
«Ֆիլմեր էին նկարում, որ ցույց տան՝ ինչպիսի կյանք է Հայաստանում։ Հանրապետության հրապարակում արհեստականորեն մեքենաների հոսք էին ստեղծել, որպեսզի թվար, թե քաղաքը լի է ավտոմեքենաներով։ Մի մեծ շենքի մոտ երեխաներ էին բերում նկարում, որ մարդիկ մտածեն՝ մանկապարտեզ է։ Ֆրանսիայում նույնիսկ գիրք էին հրատարակել Խորհրդային Հայաստանի նվաճումների մասին, որի մեջ Չարենցի ու Բակունցի նկարներն էին տպել, մինչդեռ նրանք վաղուց գնդակահարված էին ու արգելված»,- պատմում է Տիգրան Պասկեւիչյանը։
Բայց քարոզչությունը չէր կարող ստեղծել այն, ինչ գոյություն չուներ։ Այն կարող էր միայն ուժեղացնել արդեն գոյություն ունեցող ցանկությունը։ Հենց այդ ցանկությունն էր, որ հազարավոր ընտանիքների ստիպում էր վաճառել իրենց ունեցվածքը, հրաժարվել հաստատված կյանքից եւ սպասել այն օրվան, երբ վերջապես կկարողանային նստել դեպի Հայաստան գնացող նավը։
Ցուցադրության առաջին սրահներում այդ ոգեւորությունն է։ Լուսանկարներում մարդիկ ժպտում են։ Ճամպրուկների մեջ իրենց ամբողջ կյանքն է։ Նամակներում՝ ապագան։ Տիգրան Պասկեւիչյանը հատուկ ընդգծում է, որ ցուցանմուշների մեծ մասը պետական հավաքածուներից չէ։
«Հիմնականում դրանք մարդկանց ընտանեկան արխիվներից են։ Մի քանի նյութ տվել է թանգարանը, որոշ փաստաթղթեր՝ Ազգային արխիվը, բայց այն, ինչ տեսնում եք, մեծ մասամբ ընտանիքների պահած հիշողություններն են»։
Առաջին հանդիպումը հայրենիքի հետ շատերի հիշողություններում մնացել է ոչ թե որպես երջանկության, այլ շփոթության պահ։ Ցուցահանդեսի ամենաուժեղ հատվածներից մեկն էլ հենց այդ անցումն է՝ սպասումից դեպի իրականություն։
Նավը հասնում է Բաթում, այնտեղից գնացքները շարժվում են դեպի Խորհրդային Հայաստան, իսկ մարդկանց պատկերացրած հայրենիքն առաջին անգամ սկսում է բախվել իրական երկրի հետ։
Տիգրան Պասկեւիչյանը հիշում է, թե ինչ էին պատմում հայրենադարձները տեսախցիկի առաջ։
«Գրեթե բոլորի մոտ նույն անցումն էր լինում։ Սկզբում պատմում էին խանդավառության մասին, հետո ասում էին՝ հասանք Բաթում։ Նայում ենք՝ կանայք բանվորական հագուստով են, մարդիկ շատ աղքատ վիճակում են։ Հետո ասում են՝ ձեր բերած ուտելիքը պետք է ծովը թափեք, որովհետեւ կարանտին է։ Եվ մարդիկ պատմում էին՝ մենք մեր ուտելիքը ծովն էինք թափում, բայց տեսնում էինք, որ նավակներով գալիս էին, հավաքում էին այդ մթերքը, որովհետեւ երկրում սով էր»։
Նույն մարդիկ, որոնք տարիներ շարունակ երազել էին հայրենիքի մասին, մի քանի օր անց արդեն փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում իրենց հետ։
Բռնաճնշումներ։ Ներքին աքսորներ։ Տեղաբաշխումներ։ Եվ նոր կյանք՝ այնպիսի վայրերում, որոնք հայրենադարձներից շատերի ընտրությունը չէին եղել։ Հայրենադարձներին հաճախ պարզապես բաժանել էին քարտեզի վրա։
«Քաղաքային մասնագիտություն ունեցող մարդուն կարող էին ուղարկել լեռնային գյուղ։ Ասում էին՝ կոլխոզ մտիր։ Իսկ նա ասում էր՝ ես մասնագետ եմ, ի՞նչ գործ ունեմ կոլխոզում։ Մարդկանց ուղղակի ցրել էին տարբեր մարզերով։ Հետո, երբ ստեղծվեց ՆԱՏՕ-ն, եւ Թուրքիան դարձավ դրա անդամ, իշխանությունները որոշեցին, որ դրսից եկած մարդիկ այնքան էլ վստահելի չեն, ու սկսեցին նրանց սահմանամերձ շրջաններից տեղափոխել երկրի խորքը՝ Կիրովական, Ստեփանավան եւ այլ քաղաքներ։ Սա ներքին աքսորի պատմություն է»,- պատմում է Պասկեւիչյանը։
Նա ասում է՝ հայրենադարձների հետ նկարահանած գրեթե բոլոր հարցազրույցներում միշտ նույն հարցն էր տալիս՝ հիշո՞ւմ են արդյոք Ստալինի մահվան օրը։ Պատասխանը գրեթե բոլորի մոտ նույնն էր լինում․ մինչ նրանք կհասցնեին ինչ-որ բան պատմել, դեմքին ժպիտ էր հայտնվում։ «Ո՞նց չեմ հիշում․․․», – հիշում էին նրանք՝ այդ մի նախադասությամբ հաճախ ավելի շատ պատմելով իրենց ապրածի մասին։
Ցուցադրության վերջին հատվածում ներկայացված են հայրենադարձների այն սերունդները, որոնք ձեւավորել են անկախ Հայաստանի մշակույթը, գիտությունը, տնտեսությունը, քաղաքական կյանքը։
«Հայաստանի առաջին նախագահը ծնվել էր Սիրիայում։ Նա եկել էր հայրենադարձների ընտանիքով եւ դարձավ Հայաստանի առաջին նախագահը։ Մենք փորձել ենք ներկայացնել բոլոր այն հայտնի մարդկանց, ովքեր հայրենադարձների սերունդ են կամ հենց իրենք են հայրենադարձ եղել։ Ոմանք կայացած եկել են Հայաստան, մյուսները՝ կայացել են արդեն այստեղ», – ասում է Պասկեւիչյանը։
Նա հատուկ ընդգծում է ցուցահանդեսի վերջին հատվածը՝ այն մարդկանց լուսանկարները, որոնց ընտանիքները եկել էին հայրենադարձության տարիներին, ու ասում է՝ ահա գլխավոր արդյունքը։
«Մենք չունենք նավթ, չունենք ծով, չունենք այս կամ այն ռեսուրսը։ Բայց մենք ունենք մարդ։ Ես հատուկ այդ միտքը գրել եմ հենց այս հատվածում, որովհետեւ սա էր հայրենադարձության ամենամեծ ձեռքբերումը։ Մենք ստացանք մարդ, ինտելեկտ, ներուժ։ Հայրենադարձությունն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ կարողանում ես գնահատել եկող մարդուն»։
«Հայաստան. բաց դուռը» պատմում է ոչ այնքան այն մասին, թե ինչպես էին մարդիկ գալիս Հայաստան, որքան այն մասին, թե ինչ է պետք, որպեսզի տուն վերադառնալը չավարտվի հենց տան շեմին։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի