ՀՀ Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարել են, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Երևանում խմելու ջրի մատակարարման գրաֆիկը խախտվել է
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարել են, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Երևանում խմելու ջրի մատակարարման գրաֆիկը խախտվել է, և որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 3-ին հրապարակված գրաֆիկը փոխվել և վատթարացել է, ասվում է կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին եւ 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչեւ օրական 17 ժամ։
«Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել եւ լավարկել են հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր է գործադրելու հետեւյալ երկու ուղղություններով.
-Երևան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,
-Նոր ջրաղբյուրների հայտնաբերում եւ նոր ջրածավալների տեղափոխում Երեւան քաղաք»,-նշվում է հայտարարության տեքստում։
Արդյունքում, ինչպես նշել է Ջրային կոմիտեն, գոհունակությամբ արձանագրվում է, որ ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչև մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը եւ Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Հաղորդվում էնաև, որ ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երևանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք մարզերում։
Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երևան տեղափոխման ուղղությամբ։
Այս տարվա հուլիսի 1-ին «Վեոլիա Ջուր»-ը իր պաշտոնական կայքէջում հայտարարել էր, որ հուլիսի 1-ից երկուսուկես ամսով սկսած՝ Երևանի բոլոր 12 շրջանների որոշ բաժանորդներ կունենան 17-ժամյա ջրամատակարարում, փոքր թվով հասցեների համար կապահովվի 19-ժամյա ջրամատակարարում, իսկ որոշ երևանցիների համար կպահպանվի 24-ժամյա ջրամատակարարում: Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը և սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը, մայրաքաղաքի բաժանորդները կունենան 24-ժամյա ջրամատակարարում: