Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է

Քաղաքականություն

03.07.2026 | 13:59

Մոնակոյում բնակելի շենքի մուտքի մոտ պայթյունի գլխավոր կասկածյալը Գերմանիայի 30-ամյա քաղաքացուհի է։ Պայթյունի հետևանքով, հիշեցնենք, երեք անձ է վիրավորվել, որոնցից մեկը՝ ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա է պայթուցիկ սարքը տեղադրել Երմոլաևի տան դիմաց, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ BFMTV-ն հայտնել էր, որ անհայտ անձը դեպքի վայրում թողել է ուսապարկ, որը պայթել է մարդկանց մոտենալուց հետո։

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյի Ռևերան-Պեր-Լուի-Ֆրոլլա փողոցում։ Nice-Matin-ի տվյալներով՝ կասկածյալը Երմոլաևին սպասել է գրեթե մեկ ժամ։ Երբ գործարարի մեքենան մտել է Մուլենի հրապարակի կայանատեղիին, պայթուցիկ սարքը պայթեցվել է, այնուհետև հարձակվողը փախել է դեպի ֆրանսիական Բոզոլեյ կոմունա։

Le Figaro-ի տվյալներով՝ նա, հնարավոր է, մեկնել է Իտալիա։

Պայթյունի հետևանքով Երմոլաևը ծանր այրվածքներ է ստացել: Ըստ Nice-Matin-ի՝ նրան սկզբում տեղափոխել են Նիսի, ապա Թուլոնի հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Մարսել:

Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝  պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի նախկին դատախազի առաջին տեղակալի դուստր, «Club Éclectique» սոցիալական ակումբի հիմնադիրներից Աննա Նասոբինան։ Նրա երկու ոտքերն էլ անդամահատվել են։

Հուլիսի 1-ին Monaco Info-ն, հղում անելով դատախազությանը, հայտնել էր գործով առաջին կասկածյալի ձերբակալման մասին։ Պարզվել էր՝ նա օտարերկրյա քաղաքացի է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment