ՀՀ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինի. Սլուցկի

«Նիկոլ Փաշինյանը իշխանության տարիներին բազմիցս կրկնել է ուկրաինական սխալները», – այս կարծիքին է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Տելեգրամյան իր ալիքում նա գրել է.

«Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ կկիրառի Ուկրաինայի փորձը՝ խոստանում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պաշտոնապես խոսքը մաքսատուրքերի մասին է, սակայն իրականում նպատակը նույնն է՝ առավելագույնս բևեռացնել Երևանը Մոսկվայի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Կիևի դեպքում։

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության տարիներին բազմիցս կրկնել է ուկրաինական սխալները։ Սակայն այժմ այն վճռորոշ պահն է, երբ Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ գիտակցի, որ պանիրը եվրոպական «մկան թակարդում» անվճար չի լինի։ Առևտրային արտոնությունները ապագայում կդառնան այն նույն ուկրաինական փորձի ներդրման գինը, որի նպատակն է Հայաստանի տարածքում ստեղծել հակառուսական հենակետ։ Իսկ դրա բացասական հետևանքները, անկասկած, առաջին հերթին կզգա Հայաստանի ժողովուրդը։

Եվ «երկու աթոռի վրա նստել» չի ստացվի։ Այդ մասին նույնպես բազմիցս խոսվել է. կա՛մ Երևանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ Ռուսաստանի և Միության մյուս անդամների հետ կապերի ու համագործակցության պահպանմամբ, կա՛մ եվրոպական ինտեգրումը, ինչը կնշանակի ինքնիշխանությունից փաստացի հրաժարում և Բրյուսելի պրոտեկտորատի հաստատում՝ հանուն Փաշինյանի իշխանական հավակնությունների իրականացման։

Եվ սա արդեն ոչ թե «փորձի ներդրում» է, այլ պետությունը արտաքին կառավարման հանձնելու ճակատագրական սխալների կրկնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment