Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է «Ա1+»–ը։

Նրա պաշտպան Հրանտ Անանյանը լրատվամիջոցի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։

Նա ասել է, որ 12 քննիչից բաղկացած քննչական խումբը կիսատ է կատարել գործողությունները, բայց դատարանը բավարարել է միջնորդությունը։

«Նախորդ նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։ Փաստորեն Հակակոռուպցիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,– նշել է պաշտպանը։

Անանյանն իր 3 ժամ տևած ճառում մանրամասն ներկայացրել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։

Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, 3 ժամում այն պետք է տրամադրվի կողմերին, բայց գրեթե 24 ժամ է անցել, իսկ որոշումը դեռ չի տրամադրվել պաշտպանական կողմին։

Անանյանը վստահեցրել է` այն ստանալուց հետո բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք` Գագիկ Բեգլարյանը 1 ամսով կալանավորվել էր հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Leave a comment