Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցության շրջանակը

Երևանում կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի առաջատար ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում, որը վարում էր ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, ամփոփվել են հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվել են ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու միջազգային ինտեգրման հետագա քայլերը։

Համաժողովի շրջանակներում ստորագրվել են գործակցության երկու կարևոր հուշագրեր, որոնք նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ոլորտի զարգացմանը։ Առաջինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ասոցիացիայի փոխգործակցության հուշագիրն էր, իսկ երկրորդը՝ Հայաստանի երկրաբանների միության և ասոցիացիայի միջև համագործակցության պայմանագիրը։ Փաստաթղթերն իրենց ստորագրություններով վավերացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։

Միջոցառման ընթացքում ոլորտի տնտեսական կարևորությանն ու ասոցիացիայի միջազգային ինտեգրմանն է անդրադարձել ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա նշել է, որ լեռնամետալուրգիական ոլորտն առանցքային ու մեծ նշանակություն ունի երկրի տնտեսական կյանքում, և չափազանց կարևոր է դրա պատշաճ ու ներկայանալի լինելը միջազգային ասպարեզում։ Ըստ նրա՝ վերջին տարիներին համատեղ ջանքերով հաջողվել է շատ ավելի տեսանելի դարձնել հանքարդյունաբերության կարևորությունն ու դերը պետության համար, և կառույցը շարունակելու է իր ակտիվ դերակատարումը պետություն-մասնավոր հատված գործակցության ամրապնդման, մարտահրավերների համատեղ հաղթահարման ու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքների առաջմղման գործում։ Վարդան Ջհանյանն իր զեկույցում նաև հավելել է, որ վերջին երկու տարիներին ասոցիացիան մեծապես կարևորել է միջազգային գործունեությունը՝ հուշագրեր ստորագրելով ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի գործընկերների հետ, ինչպես նաև անդամակցելով Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդին։

Պետության որդեգրած քաղաքականությունն ու ասոցիացիայի հետ ձևավորված արդյունավետ երկխոսությունն իր ելույթում բարձր է գնահատել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը։ Կարևորելով նոր ստորագրված փաստաթուղթը՝ փոխնախարարն ընդգծել է, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառում, շրջակա միջավայրի պահպանության բարձր չափանիշներ և հանրության հետ բաց երկխոսություն։ Նրա խոսքով՝ հենց այս սկզբունքների հիման վրա է նախարարությունն իրականացնում իր քաղաքականությունը, որը միտված է օրենսդրական դաշտի բարելավմանը, վարչարարության պարզեցմանը և միջազգային գործընկերության ընդլայնմանը։ Ասատուր Վարդանյանը հատուկ շեշտել է, որ ասոցիացիայի հետ արդեն շուրջ մեկ տարի գործող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է գրանցել և ակտիվորեն ներգրավված է ոլորտի բարեփոխումներին, իսկ նոր հուշագիրը հրաշալի հնարավորություն կտա ավելի սերտացնել պետության, մասնավոր հատվածի ու գիտական հանրության կապը։ Այդ նպատակին է ծառայելու նաև համատեղ ստեղծվելիք հիմնադրամը, որը թույլ կտա առավել համակարգված իրականացնել հետազոտական վերլուծություններ, գնահատել բնական պաշարների օգտագործման արդյունավետությունը և բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը։

Տարեկան հաշվետու համաժողովի ավարտին մասնակիցները, որոնց թվում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը և Երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը, վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը։ Դա կնպաստի Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի կայուն, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող զարգացմանը, ինչի վառ ապացույցն է նաև աշնանը նախատեսված «Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի անցկացումը։

Leave a comment