Կաթողիկոսը «ուղղափառ»-ը չի ներմուծել․ այն Հայոց եկեղեցու անվան մեջ նորություն չէ

Սիրանուշ Ադամյան

Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ և արդեն կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) փետրվարի 5-ին «Ռադար»-ին տված հարցազրույցում պնդել է, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կասկածի տակ է դրել հայաստանյան եկեղեցու դավանական ինքնությունը:

«Պարզվում է, որ կաթողիկոսը 18 թվականին հայ եկեղեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցի»,- հայտարարել է նա` ներկայացնելով այս քայլը որպես հայ եկեղեցին ձուլելու փորձ:

Այս պնդումը լայնորեն տարածել են իշխանական լրատվականներն ու պաշտոնյաները:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան մի շարք գրառումներ է արել այս հայտարարության հետ կապված։ Նա գրառումներից մեկում նշել է. «Ի՞նչ է սա, եթե ոչ մեր Եկեղեցին ձուլելու փորձ, ի՞նչ է սա, եթե ոչ մեր ինքնության դեմ արշավ․․․Դու ո՞վ ես, որ հազարամյա եկեղեցու անունը փոխես»։

Ալեքսանյանը նաև տարածել է լուսանկար՝ Ռուսաստանի Տվեր քաղաքից, որտեղ վահանակի վրա գրված է «Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի, Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ»։

Լուսանկարը՝ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ասում էիք՝ ապացուցեք, որ Կտրիճն ու իր գործակալ եղբայր Եզրաս/Կարոն շարունակում են գործակալ մնալ: Սրանից լա՞վ ապացույց»:

Ի՞նչ է պատասխանում Մայր Աթոռը

Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է` նշելով, թե «հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունը տարածել են՝ ձգտելով մոլորեցնել ժողովրդին և թշնամանք հրահրել»։Նա տեղադրել է 19-20-րդ դարերի հայ աստվածաբան ու պատմաբան Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ 1912-ին հրատարակված աշխատության տիտղոսաթերթը` վերնագրված «Հայ Ուղղափառ եկեղեցու անցքերը սկզբից մինչև մեր օրերը հարակից ազգային պարագաներով պատմված»։

Լուսանկարները՝  Հայր Ասողիկի էջից։

Այսինքն՝ 1912-ին էլ օգտագործվում էր «Ուղղափառ» բառը Հայոց եկեղեցու մասին խոսելիս։

Ի՞նչ կապ ունի Հայ Առաքելական Եկեղեցին «ուղղափառ»-ի հետ

Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական կայքում նշված է, որ Հայոց Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան ուղղափառ ոկեղեցիների ընտանիքին՝ հիմնադրված Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների՝ Ս․ Թադեոսի և Ս․ Բարդուղիմեոսի քարոզությամբ։

«Հայոց Եկեղեցին առաքելական է, քանի որ անմիջականորեն հիմնվել է Տիրոջ երկու առաքյալների քարոզչության արդյունքում, որոնք և ձեռնադրել են հայոց առաջին եպիսկոպոսներին։ Հայոց եկեղեցին ուղղափառ է, քանի որ կրողն է Քրիստոսից՝ առաքյալներին փոխանցված ճշմարիտ հավատքի»,- նշված է կայքում։

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին պատկանում է այն եկեղեցիների շարքին, որոնք չեն ընդունել 451 թվականի Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումները։ Մինչև 9-10-րդ դարերը եկեղեցիները չէին բաժանվում ընթացիկ անվանումներով։ Գոյություն ուներ քաղկեդոնիկ և ոչ քաղկեդոնիկ բաժանում։ Հայաստանը ոչ քաղկեդոնիկ էր, այսինքն՝ ուղղափառ։

«Այնպես որ «ուղղափառ» բառը հայ եկեղեցու համար տարօրինակ չէ, անծանոթ չէ և սովորաբար օգտագործվել է… բայց ճիշտ կլինի այդ դեպքում «Արևելյան Ուղղափառ եկեղեցի» անվանել, որովհետև այդտեղ արևելքի այն երկրներն են կամ այն ժողովուրդներն են, որոնք մինչև Քաղկեդոնի ժողովը ընդհանուր տիեզերական քրիստոնեական եկեղեցու մասեր էին։ Ուղղակի պիտի գրեին Արևելյան ուղղափառ եկեղեցի է, ոչ թե ուղղափառ, բայց եթե չեն գրել, այդտեղ չեմ տեսնում ծանր սխալ»,- ասում է Խառատյանը:

Պատմաբան Արա Սանջյանի խոսքով՝ Հայ եկեղեցին այսօր կրոնագիտության մեջ կոչվում է Արևելյան Ուղղափառ (Oriental Orthodox)՝ Բյուզանդական Ուղղափառ (Eastern Orthodox) եկեղեցիներից տարբերվելու համար։

Սանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է, որ հետօսմանյան երկրներում, մասնավորապես Լիբանանում և Սիրիայում, տարածված է Armenian Orthodox Church/Հայ Ուղղափառ Եկեղեցի անվանումը: Նա նշում է, որ անգամ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը կրում է www.armenianorthodoxchurch.org հասցեն։
Աստվածաբան, Աթենքի ազգային համալսարանի աստվածաբանության դոկտոր Գևորգ Ղազարյանը մանրամասնում է, որ Հայոց Եկեղեցին մինչև 19֊րդ դարը չուներ տարբերակիչ անվանում։ Այդ խնդիրը լուծելու համար շրջանառության մեջ դրվեց «Լուսավորչական» (Григорианская) եզրը։ 20֊րդ դարի սկզբում Մաղաքիա Օրմանյան պատրիարքն առաջարկեց կիրառել «Ուղղափառ» եզրը, ընդ որում՝ առանց օտար լեզուներով թարգմանելու (Armenian Ughapar Church)։

Այդուհանդերձ, 20֊րդ դարում վերջնականապես ամրագրվեց «առաքելական» եզրը, որը մինչ այդ էլ կիրառվում էր Էջմիածնի կաթողիկոսական Աթոռը բնորոշելու համար։

Նույն 20֊րդ դարի հին Արևելյան հինգ եկեղեցի միավորվեցին մեկ ընդհանուր խմբի մեջ, որը կոչվում է «Օրիենտալ ուղղափառ եկեղեցիներ»։ Հայոց Եկեղեցին այս խմբում առանձնանում է իր «առաքելական» բնորոշմամբ։

«Որոշ ուղղափառ երկրներում, ինչպես օրինակ Հունաստանում, Հայ եկեղեցին պաշտոնապես կոչվում է «Օրթոդոքս/Ուղղափառ»։ Դա արվում է դիտավորյալ՝ դավանանքի վերաբերող «ավելորդ» հարցերից խուսափելու համար։ Կարծում եմ՝ նույն այդ նպատակով է, որ ՌԴ֊ում էլ Հայ եկեղեցին գրանցվել է որպես «Православная»»,- գրել է Ղազարյանը։

«Ուղղափառ» բառը միայն Ռուսաստանի թեմի անվանման մե՞ջ է օգտագործվում

Հայ առաքելական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային պորհրդի (World Council of Churches, WCC) անդամ է 1962-ից։ WCC-ի պաշտոնական անդամների ռեգիստրում այն գրանցված է որպես Հայ առաքելական եկեղեցի (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) (Armenian Apostolic Church (Mother See of Holy Etchmiadzin)) և դասակարգված է «Orthodox churches (Oriental)»՝ Արևելյան (Oriental) ուղղափառ եկեղեցիների ընտանիքի ներքո։

Ինչպես նշված է կայքում, Արևելյան (Oriental) ուղղափառ եկեղեցիների ընտանիքի մեջ են մտնում Եթովպական, Ղպտիական, Հայ առաքելական, Ասորական, Հնդկական և Էրիթրեական եկեղեցիները։

Նույն կարգավիճակն ունի Հայ առաքելական եկեղեցին (Կիլիկիո կաթողիկոսություն) (Armenian Apostolic Church (Holy See of Cilicia)), որը նույնպես WCC-ի անդամ է 1962-ից։ Նշված ձևակերպումները օգտագործվում են հենց Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի պաշտոնական փաստաթղթերում և անդամ եկեղեցիների ցուցակներում։

Էկրանապատկերը՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կայքից

Բացի այդ, օրինակ՝ Օտտավայի հայկական համայնքը ներկայացնող եկեղեցին պետականորեն գրանցված է որպես «St. Mesrob Armenian Apostolic Orthodox Church»՝ Օտտավայի Սուրբ Մեսրոպ Հայաստանյաց առաքելական ուղղափառ եկեղեցի», այն գործում է 1978-ից։ 

Ինչպես երևում է Կանադայի կառավարության դրամաշնորհների ռեգիստրից (օրինակ՝ 2024-2025 թթ. տվյալներով), եկեղեցին հենց այդ անվամբ է ստանում պետական աջակցություն և իրականացնում իր իրավաբանական գործունեությունը։ Եկեղեցու պաշտոնական կայքում կիրառվում են անվանման թե՛ ամբողջական, թե՛ կրճատ տարբերակները (առանց «ուղղափառ» բառի)։ 

Էկրանապատկերը՝ Կանադայի կառավարության կայքից

Այսպիսով, «ուղղափառ» բառի օգտագործումը Հայ առաքելական եկեղեցու անվանման մեջ պատմականորեն հիմնավորված է և լայնորեն կիրառվել է տարբեր ժամանակներում։ Այն օգտագործվում է նաև տարբեր երկրներում գրանցված հայկական եկեղեցիներում։ Պնդումները, թե դա «եկեղեցին ձուլելու փորձ» է, մոլորեցնող են:

The post Կաթողիկոսը «ուղղափառ»-ը չի ներմուծել․ այն Հայոց եկեղեցու անվան մեջ նորություն չէ appeared first on CIVILNET.

Leave a comment