Ռուսաստանի կողմից Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին նոր հարվածներից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մտադիր է առաջարկել Մոսկվայի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ։
«Այսօր, հարվածներին ի պատասխան, ես կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցող լրացուցիչ կազմակերպությունների և ընկերությունների դեմ»,- ասել է Կալլասը Բրյուսելում՝ առանց մանրամասներ հաղորդելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նրա խոսքով՝ որքան ուժեղ Մոսկվան հարձակվի խաղաղ բնակիչների վրա, այնքան ավելի խիստ պետք է լինեն պատժամիջոցները։
«Միայն դատապարտումները չեն կանգնեցնի Կիևի վրա հարձակումները», – ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ դա կարելի է իրականացնել միայն Ուկրաինային շարունակական ռազմական աջակցության և Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծացնելու միջոցով։ Ռուսաստանի համար գինը կշարունակի աճել՝ մինչև Մոսկվան չհասկանա, որ չի կարող հաղթել այս պատերազմում, հավելել է Կայա Կալլասը։
Հուլիսի լուոյս 2-ի գիշերը ռուսական բանակը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ թևավոր: Reuters-ի տվյալներով՝ սա հունիսի կեսերից ի վեր ամենահզոր հարվածն էր: Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 90-ը, այդ թվում՝ երկու երեխա:
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր ԵՄ-ն, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և այլ գործընկերների հետ համատեղ, ընդունել է ավելի քան քսան պատժամիջոցների փաթեթ։ Հունիսին ԵՄ-ն հաստատեց 34 անհատների և 47 կազմակերպությունների դեմ ուղղված փաթեթ, որը թիրախավորում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը, «ստվերային նավատորմը» և Ալեքսեյ Նավալնիի գործի հետ կապված կազմակերպությունները։
Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը մշտապես պաշտպանել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։ Դրա հետ կապված Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ 2025 թվականին հետախուզում է հայտարարել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի