TRIPP-ը՝ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճակա՞տ

Ռուսաստանը պնդում է, որ առանց իր մասնակցության նախագիծը չի կարող հաջողել

ԱՄՆի նախաձեռնությունը փոխում է ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը միայն ենթակառուցվածքային կամ տնտեսական նախագիծ չէ։ Այն Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային ուղղություն է, որտեղ կարող են բախվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, անուղղակիորեն նաեւ Չինաստանի շահերը։

TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով ստեղծել անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ համակարգ, որը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ՝ միաժամանակ Հայաստանը դարձնելով Տրանսկասպյան առեւտրային երթուղու կարեւոր հանգույց։

Միեւնույն ժամանակ հայ-ամերիկյան համաձայնագիրը հատուկ ընդգծում է, որ նախագիծը իրականացվելու է բացառապես Հայաստանի լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության պահպանմամբ, ինչը պաշտոնական Երեւանի համար սկզբունքային է։

Սակայն հենց այս հանգամանքն է դարձել Ռուսաստանի գլխավոր մտահոգություններից մեկը։ Մոսկվան TRIPP-ը չի դիտարկում որպես հերթական տնտեսական նախաձեռնություն։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի վերջին հարցազրույցը փաստացի ներկայացնում է Կրեմլի ուղերձը, ըստ որի՝ Հարավային Կովկասում որեւէ խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չի կարող իրականացվել՝ անտեսելով Ռուսաստանի շահերը։

Գալուզինի հարցազրույցում առանձնանում է մեկ առանցքային միտք, որը նա կրկնում է տարբեր ձեւակերպումներով. «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությամբ այս նախագիծը միայն օգուտ կտար դրան», եւ «անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաեւ Եվրասիական տնտեսական միության կարծիքը»։

Այս հայտարարությունները փաստացի նշանակում են, որ Մոսկվան TRIPP-ը դիտարկում է ոչ թե որպես հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ, այլ որպես տարածաշրջանային նախաձեռնություն, որի իրականացումն անհնար է առանց Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ անվտանգային մասնակցության։

Ինչու է Մոսկվան պնդում, որ առանց Ռուսաստանի նախագիծը չի կարող իրականացվել

Գալուզինի հարցազրույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կառուցում է մի քանի փոխկապակցված հիմնավորում, որոնց միջոցով փորձում է ապացուցել, թե TRIPP-ը գործնականում կախված է ռուսական գործոնից։

Առաջին հիմնավորումը վերաբերում է երկաթուղային ենթակառուցվածքներին։ ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարում է. «Նախ՝ ամենայն հավանականությամբ, երկաթուղին պետք է կառուցվի ռուսական երկաթուղային լայնաչափով, որպեսզի ապահովվի անխափան կապը Ադրբեջանի հետ»։

Այս ձեւակերպմամբ Մոսկվան ակնարկում է, որ ապագա ենթակառուցվածքը տեխնիկապես կապված է նախկին խորհրդային երկաթուղային համակարգին, հետեւաբար՝ Ռուսաստանը շարունակում է պահպանել ազդեցության լծակներ նույնիսկ այն դեպքում, եթե նախագիծը ֆինանսավորվի Միացյալ Նահանգների կողմից։

Երկրորդ հիմնավորումը վերաբերում է Հայաստանի երկաթուղային կառավարմանը։ Գալուզինը հիշեցնում է. «Հայաստանի երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է»։

Այս հայտարարությունը պարզապես տեխնիկական փաստի մասին չէ։ Այն քաղաքական ուղերձ է, որով Մոսկվան հիշեցնում է, որ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զգալի հատվածը շարունակում է գտնվել ռուսական կառավարման ներքո։ Այսպիսով, Ռուսաստանը փաստացի ասում է, որ անգամ ամերիկյան ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը չի կարող լիովին անտեսել արդեն գոյություն ունեցող ռուսական տնտեսական ներկայությունը։

Երրորդ փաստարկը վերաբերում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Գալուզինը հատուկ շեշտում է.

«Հայաստանի տարածքով տարանցումը պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին եւ կանոններին համապատասխան, որից, ինչպես հայտարարում է Հայաստանը, ինքը չի ցանկանում դուրս գալ»։

Այս ձեւակերպմամբ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի արտաքին տնտեսական պարտավորությունները չեն սահմանափակվում միայն Արեւմուտքի հետ համագործակցությամբ։ Եթե Երեւանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ապա, ըստ Մոսկվայի, նոր տրանսպորտային համակարգը չի կարող հակասել այդ կառույցի իրավական դաշտին։

Սակայն ամենակարեւոր շեշտադրումը վերաբերում է անվտանգային բաղադրիչին։ Գալուզինը հայտարարում է. «Թրամփի երթուղին կանցնի այն գոտով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք արդեն տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Հայաստանի՝ Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանությունը»։

Այս ձեւակերպումն ունի շատ ավելի լայն քաղաքական նշանակություն, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է կապել TRIPP-ը ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային համակարգի հետ՝ փաստացի հիշեցնելով, որ Հայաստանի հարավային սահմանների զգալի հատվածում ռուսական ռազմական ներկայությունը շարունակում է գործել 1992 թվականի միջպետական համաձայնագրի հիման վրա։

Հենց այդ պատճառով էլ Գալուզինը եզրափակում է. «Այսպիսով… անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը»։

Սա, ըստ էության, ամբողջ հարցազրույցի առանցքային կետն է։ Եթե հայ-ամերիկյան համաձայնագիրը կառուցված է Հայաստանի ինքնիշխանության գաղափարի վրա, ապա Մոսկվան փորձում է ցույց տալ, որ իրական քաղաքականության մեջ այդ ինքնիշխանությունը շարունակում է փոխկապակցված մնալ Ռուսաստանի անվտանգության, տնտեսական եւ իրավական ներկայության հետ։ 

Սյունիքը՝ նոր աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոնում

Միխայիլ Գալուզինի հարցազրույցի ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է Իրանին եւ Չինաստանին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Մոսկվան պարզապես ներկայացնում է այլ երկրների հնարավոր մտահոգությունները, սակայն իրականում այս հայտարարությունները շատ ավելի խորքային նշանակություն ունեն։ ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարում է. «ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայից հետո իրանական կողմը դժվար թե ոգեւորված լինի, եթե իր հյուսիսային սահմանների անմիջական հարեւանությամբ հայտնվի Միացյալ Նահանգների ներկայությունը»։ Նա նաեւ հավելում է. «Փորձագետների կարծիքով, չինական կողմը նույնպես դժվար թե գոհ լինի այն հանգամանքից, որ ամերիկյան կողմը վերահսկի Կենտրոնական Ասիայից Եվրոպա եւ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող տրանսպորտալոգիստիկ երթուղու որեւէ հատված»։

Այս երկու հայտարարությունները պատահական չեն։ Ռուսաստանը փաստացի փորձում է ձեւավորել այն պատկերացումը, որ TRIPP-ը միայն ռուս-ամերիկյան մրցակցության թեմա չէ, այլ նախագիծ, որի նկատմամբ կասկածներ ունեն նաեւ Իրանը եւ Չինաստանը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան փորձում է սեփական դիրքորոշումը ներկայացնել որպես ավելի լայն տարածաշրջանային եւ նույնիսկ եվրասիական շահերի արտահայտություն։

Սյունիքը, որն արդեն մի քանի տարի գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում, այս համատեքստում վերածվում է ազդեցությունների ու շահերի բախման կիզակետի։ Մի կողմից՝ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Հայաստանի միջոցով ձեւավորել նոր հաղորդակցային հանգույց, որը կկապի Կասպից ծովի տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանը եւ մասամբ նաեւ Իրանը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը եւ Իրանը մտահոգ են, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ամրապնդման։

Հենց այստեղ է ձեւավորվում այն, ինչ շատ փորձագետներ անվանում են «Սյունիքի համար պայքար», մրցակցություն՝ վերահսկողության, ազդեցության, տնտեսական ուղղությունների եւ անվտանգության ճարտարապետության շուրջ։

TRIPP-ի հաջող իրականացումը կնշանակի, որ Հայաստանի հարավը կդառնա տարածաշրջանային հաղորդակցությունների առանցքային հանգույց՝ ԱՄՆ-ի անմիջական քաղաքական աջակցությամբ։ Իսկ դա ինքնին փոխում է ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում։

Սակայն Հայաստանի համար այստեղ առկա են թե՛ հնարավորություններ, թե՛ վտանգներ։

Հնարավորությունը տնտեսական է․ ՀՀ-ն կարող է ստանալ լրացուցիչ ներդրումներ, ենթակառուցվածքային զարգացում եւ տարանցիկ կենտրոնի կարգավիճակ, եթե, իհարկե, ծրագիրը կյանքի կոչվի։ Սակայն վտանգները նույնպես ակնհայտ են։ Եթե Սյունիքը վերածվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ ուժերի մրցակցության հիմնական հարթակի, ապա Հայաստանի վրա կարող է աճել արտաքին ճնշումը տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային։

Գալուզինի հարցազրույցում հենց այդ ուղերձն է քողարկված. Մոսկվան փորձում է ցույց տալ, որ TRIPP-ը չի կարող դիտարկվել որպես միայն տնտեսական նախագիծ, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա։

Ի դեպ, նախօրեին պատասխանելով «Ազատության» հարցին, թե Մոսկվայից TRIPP-ի արդյունավետությունն առանց ռուսական կողմի կասկածի տակ է դրվում, պաշտոնական Երեւանի համար որեւէ ձեւաչափով TRIPP-ում Մոսկվայի ներգրավվածությունն ընդունելի՞ է կամ կարո՞ղ է քննարկվել հետագայում, ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նախ նշել է. «Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»: Ապա հավելել է, որ այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են։

«Ազատության» հարցին, թե այդ թվում՝ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներո՞վ, նա դրական է արձագանքել։ Արդյո՞ք այստեղ՝ համատեղ աշխատանքի շրջանակում համագործակցություն լինելու է ամերիկյան ու ռուսական կողմի հետ։ «ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում», ասել է Սաֆարյանը:

Ռուսաստանի նպատակը՝ վերադառնալ եռակողմ ձեւաչափին

Գալուզինի հայտարարություններում կա եւս մեկ կարեւոր շերտ։ Ռուս դիվանագետը հատուկ հիշեցնում է, որ ներկայիս TRIPP-ը, ըստ Մոսկվայի, «դատարկ տեղում չի առաջացել»։ Նա նշում է. «2022–2023թթ. Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը քննարկվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»։ Ավելին, նա պնդում է. «Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվեցին երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանները, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային ցանցերի փոխկապակցման եւ փակ օղակ կազմելու մեխանիզմները»։

Այս հայտարարությունը շատ կարեւոր է հասկանալու համար Ռուսաստանի ռազմավարական նպատակը։ Մոսկվան փորձում է ապացուցել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական քաղաքական ճարտարապետը եղել է հենց Ռուսաստանը, եւ ներկայիս ամերիկյան նախաձեռնությունը, ըստ էության, կառուցվում է այն հիմքի վրա, որը ձեւավորվել էր ռուս-հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում։

Գալուզինը նույնիսկ դժգոհությամբ նշում է. «Ոչ մեր մեղքով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում այդ քննարկումներն ու երկխոսությունը դադարեցվեցին»։

Սա արդեն քաղաքական գնահատական է։ Ռուսաստանը փաստացի ակնարկում է, որ տարածաշրջանային գործընթացները դուրս են բերվել իր վերահսկողությունից եւ տեղափոխվել Վաշինգտոնի ազդեցության դաշտ։ Հենց այդ պատճառով էլ Մոսկվան այսօր փորձում է ոչ թե պարզապես մասնակցել TRIPP-ին, այլ վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի հաղորդակցային նախագծերում։

Հատկանշական է նաեւ Գալուզինի հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը ապագա երկաթուղու կանոնադրկան կապիտալի 49 տոկոսը խոստացել է ամերիկյան կողմին։ Սակայն, այսպես թե այնպես, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն, իհարկե, միանշանակ հեռանկարներ չունի»։ Այս թեզի շրջանառումը ցույց է տալիս, որ ռուսական կողմը փորձում է TRIPP-ը ներկայացնել որպես ամերիկյան ռազմավարական ներկայության երկարաժամկետ գործիք, որի ապագան, սակայն, մշուշոտ են գնահատում։

Գալուզինի հարցազրույցի այս հատվածի ընդհանուր պատկերն առավել քան հստակ է։ Մոսկվան պայքարում է Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման համար եւ TRIPP-ը դիտարկում է որպես այդ ազդեցության համար ամենալուրջ մարտահրավերներից մեկը։

Ինչու է Մոսկվան հիշեցնում Գյումրիի ռազմաբազայի մասին

Պատահական չէ, որ TRIPP-ի մասին խոսելիս Գալուզինը միաժամանակ անդրադառնում է նաեւ Գյումրիի 102-րդ ռազմաբազային։ Նա հայտարարում է.

«Մենք համոզված ենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան թե Հայաստանի, եւ թե ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկն է»։ Նաեւ հավելում է. «Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երեւանը չի քննարկում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու հարցը»։

Այս հայտարարությունները ձեւավորում են Ռուսաստանի հիմնական ուղերձը․ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ իր ռազմական ներկայությունը Հայաստանում շարունակում է մնալ լեգիտիմ, եւ, նրանց գնահատմամբ, նաեւ՝ տարածաշրջանային անվտանգության կարեւոր բաղադրիչ։

Այլ կերպ ասած, TRIPP-ի շուրջ Մոսկվայի դիրքորոշումը չի սահմանափակվում տնտեսական հարցերով։ Այն անմիջականորեն կապվում է Ռուսաստանի ռազմական ներկայության, սահմանապահ համակարգի եւ Հարավային Կովկասում իր երկարաժամկետ ազդեցության պահպանման հետ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment