Խաղաղությունն արդեն փաստացի ձեռք է բերվել․ Ալիև

Խաղաղությունն արդեն փաստացի ձեռք է բերվել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, խաղաղությունն արդեն փաստացի ձեռք է բերվել։ Այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։ 

«Սա թղթի վրա գոյություն ունեցող խաղաղություն չէ։ Մեզ համար խաղաղությունը իրականություն է, բայց մենք պետք է աշխատենք այն ավելի երկարակյաց և կայուն դարձնելու համար»,- ասել է Ալիևը։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրոպական միությունը մտադիր է խորացնել գործընկերությունն Ադրբեջանի հետ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև շնորհավորել է Ադրբեջանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված արդյունքների կապակցությամբ և վերահաստատել Եվրամիության աջակցությունը։

«Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ պատմական խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության, վստահության և համատեղ բարեկեցության ապահովման ճանապարհին։

«Այսօր ցանկանում եմ շնորհավորել ձեզ պատմական խաղաղության փաստաթղթի նախաստորագրման կապակցությամբ։ Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է այս խաղաղության գործընթացին և շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ։ Մենք պատրաստ ենք նպաստել ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում խաղաղության հաստատմանը, և այսօր, ինչպես նաև ամեն օր, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հիշեցնենք, որ վաղը Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան։ 

Leave a comment