«Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն-պատերազմ կեղծ երկընտրանքի տրամաբանությունից»․ Արա Այվազյան

«ՀՀ-ն բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների և արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերների»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Ըստ նրա՝ պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն-պատերազմ կեղծ երկընտրանքի տրամաբանությունից․ «ՀՀ-ի առաջ կանգնած է ընտրությունն այլ հարթությունում՝ խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև։ Առաջին բանը, ինչից պետք է սկսենք, գիտակցելն է, թե մեր հակառակորդները, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան, իրականում ինչ մտադրություններ և ռազմավարական նպատակներ ունեն։ Մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում, որ տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, հարաբերությունները կարգավորվում են, բայց վստահ եմ, որ և′ մասնագիտական, և′ փորձագիտական, և′ ակադեմիական շրջանակները համակարծիք են, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության ՀՀ-ի հետ։ Նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, իսկ վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որովհետև իրենց կարծիքով՝ հասել է այն պահը, որի արդյունքում ՀՀ-ն ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից դուրս մի պետական կազմավորում է, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի թուրքական աշխարհից և ամբողջովին կկլանվի Մեծ թուրան նախագծի մեջ։ Դրա ողնաշարը Զանգեզուրի միջանցքն է, որը ներկայացվում է՝ որպես տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ»։

Ըստ Արա Այվազյանի՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment