«ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում». Արամ Օրբելյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ եթե Սահմանադրական դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ամփոփվել են արդյունքներն ու բաշխվել են պատգամավորական մանդատները, առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ:

Արամ Օրբելյանը նշեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր օրերին հրապարակված քվեարկության թվերով ինչպես է ԲՀԿ-ի 4%-ի շեմը տատանել:

Կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ առաջին անգամն է, երբ Սահմանադրական դատարանում քննարկվում է անցողիկ շեմի հարց: Ըստ Օրբելյանի՝ ՍԴ-ն պետք է նաև հակասահմանադրական ճանաչի որոշ նորմեր, ինչից հետո էլ պետք է մանդատների վերաբաշխման որոշում կայացնի:

Արամ Օրբելյանի դիտարկմամբ՝ պետությունը չի ապահովել քաղաքացիների քվեարկելու անխափան պրոցեսը, անվավեր են ճանաչել արդյունքները: Դրանով խախտվել են ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավունքները, այլև այն 58 հազ. քաղաքացիների իրավունքները, որոնք ձայնը տվել են կուսակցությանը:

Արամ Օրբելյանը, հղում կատարելով օրենքներին, միջազգային պրակտիկային, հիմնավորում էր, որ Սահմանադրական դատարանը պետք է ապահովի ընտրողի իրավունքը, քանի որ ժողովրդի կամքն է եղել: Ա. Օրբելյանը նշեց, որ նույնիսկ ԿԸՀ նախագահը ուղիղ հարցին չի պատասխանել, քանի որ, ըստ ներկայացուցչի, ասել էին, որ չպատասխանի, եթե հակառակ հրահանգը լիներ՝ կպատասխաներ:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում մեկնարկել է  յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:

2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։ 

hetq.am

Leave a comment