Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում մեկնարկած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը շվեյցարացի Ֆրանյո ֆոն Ալմենն է։

24-ամյա մարզիկը ոսկե մեդալ նվաճեց լեռնադահուկային սպորտի տղամարդկանց առագընթաց վայրէջքում՝ գրանցելով 1:51.61 արդյունք։

Արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Ջովանի Ֆրանձոնին (+0,20), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ նրա հայրենակից Դոմինիկ Պարիսին (+0,50)։

Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկորդները։ Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Սպորտային զույգերի ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին: Ձմեռային օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու 16 մարզաձևերում:

Leave a comment