Կենտրոնական բանկերն առաջիկա հինգ տարում ավելի հավանական են համարում ստագֆլյացիայի սցենարը

Կենտրոնական բանկերի արտարժութային պահուստները կառավարող ղեկավարների մեծամասնությունն այժմ ստագֆլյացիան համարում է առաջիկա հինգ տարիների ամենահավանական տնտեսական սցենարը։ Այս մասին են վկայում UBS Asset Management-ի կողմից անցկացված պահուստների կառավարիչների ամենամյա հարցման արդյունքները։ Ըստ հետազոտության՝ կայուն բարձր գնաճն ու երկարաժամկետ եկամտաբերությունների աճը աշխարհաքաղաքական ռիսկերին զրկել են գլխավոր սպառնալիքի կարգավիճակից։

Հարցմանը մասնակցել են շուրջ 30 առաջատար կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ՝ UBS-ի կողմից Շվեյցարիայի Վոլֆսբերգ քաղաքում կազմակերպված արտարժութային պահուստների կառավարման սեմինարի շրջանակում։ Արդյունքների համաձայն՝ հարցվածների 52%-ը ստագֆլյացիան համարում է առաջիկա հինգ տարիների ամենահավանական սցենարը՝ նախորդ տարվա 39%-ի դիմաց։

Հարցվածների շուրջ 82%-ը նշել է, որ ԱՄՆ-ում տոկոսադրույքների և գնաճի աճը գլխավոր ռիսկն է արտարժութային պահուստների ներդրման համար, իսկ 79%-ը համոզված է, որ աշխարհը «մտել է ավելի բարձր գնաճի ժամանակաշրջան, որը կպահպանվի երկար ժամանակ»։

UBS Asset Management-ի ռազմավարության և խորհրդատվության բաժնի ղեկավար Մասիմիլիանո Կաստելին նշել է, որ «գնաճն ու երկարաժամկետ եկամտաբերությունների աճը կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում»։ Նրա խոսքով՝ պահուստների կառավարիչները «աստիճանաբար շարժվում են դեպի ավելի բազմաբևեռ արժութային համակարգ», որտեղ դիվերսիֆիկացման միտումներից հիմնական շահառուները եվրոն և չինական յուանն են։

Դիվերսիֆիկացման գործընթացն արագանում է․ հարցվածների 42%-ն արդեն կրճատել կամ նախատեսում է կրճատել ներդրումներn ամերիկյան ակտիվներում, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 29%։

Ոսկին այլևս չի համարվում ամենագրավիչ ակտիվը․ հարցման մասնակիցների միայն 29%-ն է այն գնահատում որպես առաջիկա հինգ տարիներին ամենաբարձր եկամտաբերություն ապահովող ակտիվների դաս, մինչդեռ մեկ տարի առաջ այդ կարծիքին էր 67%-ը։ Միևնույն ժամանակ, զարգացած և զարգացող շուկաների բաժնետոմսերն այժմ դիտարկվում են որպես ռիսկ/եկամտաբերություն հարաբերակցության տեսանկյունից առավել գրավիչ ներդրումային տարբերակներ։

Leave a comment