ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի և Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:

Կարևորվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment