Ադրբեջանի գործողություններում դրոշմ դնելու տեղ չկա ․ Զատուլինը պատասխանել է Բաքվի նոր դեմարշին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ դատավճիռները դատապարտող իր հայտարարություններին Ադրբեջանի արձագանքը որակել է «ոչ տպավորիչ վիրավորանք»՝ «փաստացի հետաձգված մահապատիժների» ֆոնին: Այդ մասին նա հայտարարել է RTVI-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում:

Նույն օրը միջազգային «Լազարյան ակումբը» հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դատավճիռների վերաբերյալ: Հայտարարության տեքստը հրապարակվել է «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի սոցցանցի էջում: Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը, փաստորեն, դատապարտել է տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Ընդգծվում է, որ Բաքվի գործընթացը հաշվեհարդար է, դատաստան, այլ ոչ թե դատավարություն։

Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին: «Ադրբեջանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Զատուլինը երկար ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բացահայտ աջակցում է անջատողականությանը և փորձում է խեղաթյուրել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ դատավճիռները, որոնք մեղավոր են ճանաչվել խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի ընթացքում պատերազմական հանցագործությունների համար: ԱԳՆ-ում նման հայտարարություններն անթույլատրելի են համարել ։ Ադրբեջանը կոչ է արել Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել Զատուլինի նման գործողությունները դադարեցնելու համար, նշելով, որ դրանք վնաս են հասցնում տարածաշրջանային կայունությանը և ադրբեջանա-ռուսական հարաբերություններին», – նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինքը՝ Զատուլինը, RTVI-ի հետ զրույցում նշել է, որ իրեն հայտնի չէ բողոքի նոտայի բովանդակությունը։ Միևնույն ժամանակ, նա մեջբերել է մի հղում, որը, նրա խոսքով, պատկանում է գրող Մարկ Տվենին. «Ամենահայտնի գողը չի ցանկանում իրեն տեսնել սրիկաների հանրային պատկերասրահում»:

«Իսկ ինչու՞ հիշեցի դրա մասին: Քանի որ դրոշմ դնելու տեղ չկա Ադրբեջանի գործողություններում, երբ խոսքը վերաբերում է նրա կողմից գերեվարված Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին, որոնք ցուցադրաբար ենթարկվել են փաստացի հետաձգված մահապատիժների», – RTVI-ին ասել է Պետդումայի պատգամավորը։

Նա նշել է, որ լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահները՝ 68-ամյա Արկադի Ղուկասյանն ու 65-ամյա Բակո Սահակյանը, որոնք 20-ական տարվա ազատազրկման են դատապարտվել, «բանտում դժվար թե ապրեն մինչև իրենց ազատազրկման ժամկետի ավարտը»:

«Եվ այդ տեսանկյունից ինձ չի տպավորում Ադրբեջանի վրդովմունքը Լազարյան ակումբի (2018թ.Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված Ռուս-հայկական կազմակերպություն – խմբ.) հայտարարության վերաբերյալ», – հայտարարել է Զատուլինը։

Արմինֆո

Leave a comment