Սավգուլյան․ Հաջորդ ընտրություններում իշխանության շանսերն ավելի մեծ են լինելու

Հաջորդ ընտրություններում գործող իշխանությունների հաղթելու շանսերն ավելի բարձր կլինեն։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման խորհրդի անդամ Արեգ Սավգուլյանը։

Հասարակական գործչի կարծիքով՝ մինչ այդ իշխանություններն արդեն լավ ուսումնասիրած կլինեն ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական դաշտը։ «Այդ ժամանակ իշխանություններն արդեն կիմանան, թե որ ուժերն ու կառույցներն են «սայթաքել» այս կամ այն հարցում։ Դուք, իհարկե, կարող եք նույնն ասել նաև ընդդիմության մասին, բայց՝ ոչ։ Բանն այն է, որ հայաստանյան ընդդիմության կազմակերպչական կառուցվածքի զգալի տոկոսը հայտնվել է քրեական գործերի լաբիրինթոսում։ Ցանկացած քաղաքական կազմակերպություն, եթե զուգահեռներ անցկացնենք բանակի և ռազմական գործողությունների թատերաբեմի հետ, պետք է ունենա կանոնավոր զորք, որն էլ հենց գործնականում պետք է մտնի պայքարի մեջ՝ ձեռք բերելով ընտրողի այդքան անհրաժեշտ քվեն։ Այսինքն՝ փաստացի դու գործ ունես կանոնավոր բանակի հետ»,- պարզաբանել է Սավգուլյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայաստանյան ընդդիմությունը խիստ հյուծված է, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ գլխատված։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում նրա հնարավորությունների վրա։

Leave a comment