Կիևն իր ռազմական կարիքների համար 3,8 միլիարդ եվրո է ստացել ԵՄ-ից – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական՝ 3,8 միլիարդ եվրոյի տրանշը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

«Եվրոպական միությունից ևս 3,8 միլիարդ եվրո է մուտքագրվել պետական բյուջեի հատուկ հիմնադրամ»,- գրել է նա։

Վարչապետի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են «պաշտպանական առաջնահերթ կարիքների ֆինանսավորմանը՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությանը, ռազմարդյունաբերական համալիրի հզորացմանը և ռազմաճակատի կարիքների համար անհետաձգելի մատակարարումների ապահովմանը»։

Սվիրիդենկոն ընդգծել է, որ սա «հենց պաշտպանական աջակցության առաջին տրանշն է Ukraine Support Loan նոր ֆինանսական գործիքի շրջանակում»։ Նա նաև հիշեցրել է, որ հունիսի 25-ին նույն վարկային ծրագրի շրջանակում բյուջե էր մուտքագրվել 3,2 միլիարդ եվրո՝ որպես բյուջետային աջակցություն։ Այսպիսով՝ այս ծրագրով Կիևի ստացած միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 7 միլիարդ եվրո։

News.am

Leave a comment