Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին

Քաղաքականություն

30.06.2026 | 16:52

Հունիսի 30-ին ուկրաինական զորքերը կրկին հարված են հասցրել Մոսկվայի մարզում գտնվող Դուբնայի տիեզերական կապի կենտրոնին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարվածի հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։

Այսօր ավելի վաղ Մոսկվայի մարզում անօդաչուների հարվածների մասին հաղորդելիս նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նշել էր, որ Դուբնայում «վարչական շենք» է վնասվել։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր Դուբնայում գտնվող տիեզերական կապի կենտրոնի վրա հարվածների մասին: Մասնավորապես, պնդվում էր, որ հարվածներ են հասցվել արբանյակային կապի համար օգտագործվող 32 մետրանոց MARK-IV ալեհավաքի ապարատային և մոդուլային համալիրին, ինչպես նաև հարակից տեխնիկական շենքին:

Դուբնայի տիեզերական կենտրոնն արբանյակային կապի գետնային կայան է, որը հայտնի է որպես «տելեպորտ»։ Այն  ապահովում է ազդանշանների փոխանցումը տիեզերական ապարատներին տարբեր գերատեսչությունների համար, հիմնականում՝ կառավարության, ինչպես նաև հեռահաղորդակցության ընկերությունների, լրատվամիջոցների, բանկերի և այլոց։ Ըստ էության, դա հսկայական տիեզերական ալեհավաք է։

Տիեզերական կապի կենտրոնից բացի՝ Դուբնայում կան նաև այլ օբյեկտներ, որոնք թիրախավորվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից: Օրինակ՝ 2025 թվականի մայիսի վերջին Դուբնայում հարված էր հասցվել «Կրոնշտադտի» ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանին և «Ռադուգա» գործարանին, որն արտադրում է թևավոր հրթիռներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment