«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և որոշ ընդդիմադիր ուժեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլան ունեն։ Դատական նիստից առաջ այդ մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպել ենք։ Մենք մեր գաղտնի պլանն ունենք, չեմ բացելու այն։ Դա Փաշինյանին հեռացնելու պլանն է»,– ասաց Կարապետյանը։
Նա վստահեցրեց` ըստ իրենց պլանի` շատ հեշտ հեռացնելու են ՀՀ գործող իշխանությանը։
Հարցին` միասնական ընդդիմության առաջնորդն ի՞նքն է լինելու, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանեց` Քոչարյանը «Հայաստանի» դաշինքի առաջնորդն է, ինքը` «Ուժեղ Հայաստանի»։ Նա ընդգծեց` իրենք միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներ վերցնել–չվերցնելուն, ապա Կարապետյանը նշեց` եթե նման որոշում կայացնեն, անպայման կհայտարարեն։
«Դեռևս որոշում չկա, պետք է իրավիճակը գնահատենք։ Մենք կգնանք այն ճանապարհով, որով ամենաարագը հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին։ Չենք նայելու այսօր դաշտ գցած որևէ մեկի նարատիվներին, մենք ի վիճակի ենք կայացնել մեր որոշումները։ Այսօր «մինչև վերջ գնալու ենք» ասելով նկատի ունենք, որ պետք է հեռացնենք Փաշինյանին»,– ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` հիմա օրենքով են շարժվում, դիմել են Սահմանադրական դատարան, սպասում են բարձրագույն դատարանի որոշմանը, այլ հարցեր դեռ չեն ցանկանում քննարկել (նկատի ունի փողոցային պայքարը. խմբ)։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա