Եթե նույնիսկ IMEI կոդերի տվյալների բազայի միայն մի մասը հայտնվի թշնամական պետությունների, հաքերային խմբավորումների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքում, դա կարող է հանգեցնել ազգային անվտանգության խնդիրների. «Փաստ»

ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում ներկայացվում է որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց։

Ըստ նախաձեռնության, նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կգործի, իսկ յուրաքանչյուր բջջային սարք, անկախ նրանից՝ դա սմարթֆոն է, պլանշետ, խելացի ժամացույց, թե կապի հնարավորությամբ այլ սարք, պետք է անցնի համապատասխան նույնականացման և գրանցման գործընթաց։

Սակայն, որքան էլ նախագիծը ներկայացվի տնտեսական և հարկաբյուջետային հիմնավորումներով, այն առաջացրել է լայն մասնագիտական քննարկումներ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն առևտրի կանոնակարգմանը, այլ նաև քաղաքացիների թվային իրավունքներին, անձնական կյանքի անձեռնմխելիությանը, կիբեռանվտանգությանը և պետություն-քաղաքացի հարաբերությունների բնույթին։ Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ, խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել մաքսային հսկողության շրջանակներից և վերածվել է հանրային ազատությունների, թվային վերահսկողության և տվյալների պաշտպանության հիմնարար հարցի։

Ժամանակակից աշխարհում IMEI կոդը պարզապես տեխնիկական նույնացուցիչ չէ։ Այն յուրահատուկ թվային մատնահետք է, որը թույլ է տալիս տարբերակել յուրաքանչյուր առանձին սարք։ Եթե նախկինում իրավապահ մարմինները հիմնականում օգտվում էին SIM քարտերի նույնականացումից, ապա IMEI կոդերի կենտրոնացված բազայի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկողության տրամաբանությունը տեղափոխել ավելի խորքային մակարդակ՝ անմիջապես սարքի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները բարձրաձայնում են տոտալ թվային վերահսկողության ռիսկի մասին։ Եթե IMEI կոդը կապվում է կոնկրետ քաղաքացու անձնական տվյալների հետ՝ անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության հասցե, հեռախոսահամարներ և այլ նույնականացնող տեղեկություններ, ապա ձևավորվում է այնպիսի տեղեկատվական միջավայր, որտեղ հնարավոր է դառնում ոչ միայն պարզել, թե ով է օգտվում կոնկրետ սարքից, այլ նաև վերականգնել տվյալ անձի տեղաշարժի ամբողջական քարտեզը։ Բջջային կապի ցանցերը մշտապես արձանագրում են, թե որ բազային կայանին է միանում սարքը, իսկ IMEI-ի և անձնական տվյալների համադրման դեպքում տեխնիկապես հնարավոր է ստանալ քաղաքացու շարժման ժամանակագրությունը, սոցիալական ակտիվության օրինաչափությունները, հաճախ այցելվող վայրերը, աշխատանքի և բնակության հնարավոր հասցեները, շփումների ինտենսիվությունը և այլ զգայուն տեղեկատվություն։

Կարդացեք նաև

Թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նման տեղեկության կուտակումը ստեղծում է աննախադեպ վերահսկողական ներուժ։ Եթե նախկինում քաղաքացին կարող էր փոխել SIM քարտը՝ նվազեցնելով որոշակի վերահսկողական ռիսկեր, ապա սարքի մակարդակով նույնականացումը նման հնարավորությունն էապես սահմանափակում է։ Արդյունքում, պետությունը կամ տվյալներին հասանելիություն ունեցող այլ կառույցներ ստանում են առավել ամբողջական և խորքային պատկեր յուրաքանչյուր անհատի թվային վարքագծի մասին։

Թեև իշխանությունները կարող են պնդել, որ համակարգը նախատեսված չէ քաղաքացիներին հետևելու համար, սակայն ժողովրդավարական պետություններում ընդունված սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն իշխանությունների ներկայիս մտադրությունները (իսկ ավելի ստույգ՝ հայտարարությունները), այլ նաև այն, թե ինչ հնարավորություններ է ստեղծում տվ յալ գործիքը ապագայում։

Քաղաքական համակարգերը, իշխանությունները և օրենսդրությունները փոփոխվում են, մինչդեռ ստեղծված ենթակառուցվածքները կարող են պահպանվել տասնամյակներով։ Հետևաբար, ցանկացած տեխնոլոգիական լուծում պետք է գնահատվի ոչ միայն ներկայում, այլև ապագայում հնարավոր չարաշահման տեսանկյունից։

Հատկանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում կենտրոնացված թվային ռեգիստրների ստեղծումը հաճախ ուղեկցվել է հանրային լուրջ դժգոհություններով, քանի որ տվյալների զանգվածային կենտրոնացումը ինքնին մեծացնում է իշխանության կենտրոնացման աստիճանը։ Եթե մեկ միասնական շտեմարանում կուտակվում են միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները, նրանց օգտագործած սարքերի IMEI կոդերը, կապի օպերատորների տվյալները և այլ տեխնիկական տեղեկություններ, ապա այդ շտեմարանը վերածվում է ռազմավարական նշանակության թիրախի։

Տվյալների արտահոսքի վտանգը իսկապես գործնական խնդիր կարող է առաջացնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ տեխնոլոգիական հսկաները, պետական կառույցներն ու հետախուզական ծառայությունները չեն կարողանում լիովին ապահովագրվել կիբեռհարձակումներից։ Տարբեր երկրներում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ պետական ռեգիստրներից արտահոսել են միլիոնավոր քաղաքացիների տվյալներ՝ ներառյալ անձնագրային տվյալները, առողջապահական տեղեկությունները, հարկային տեղեկատվությունը և կենսաչափական տվյալները։ Այս ֆոնին հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի պետական կառավարման համակարգն ունի բավարար տեխնիկական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ ապահովելու նման ծավալի տվյալների անխափան պաշտպանությունը։

Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը ևս լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Տարածաշրջանում առկա հակամարտությունները, մշտական կիբեռսպառնալիքները և պետական ու ոչ պետական դերակատարների ակտիվությունը ենթադրում են, որ ցանկացած կենտրոնացված տեղեկատվական համակարգ կարող է հայտնվել արտաքին հարձակումների թիրախում։ Եթե նույնիսկ տվյալների բազայի միայն մի մասը հայտնվի թշնամական պետությունների, հաքերային խմբավորումների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքում, դա կարող է հանգեցնել ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի, այլ նաև ազգային անվտանգության խնդիրների։ Օրինակ՝ հնարավոր է դառնում նույնականացնել պետական ծառայողների, զինծառայողների, անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կամ ռազմավարական նշանակության օբյեկտներում աշխատող անձանց տեղաշարժերը և հաղորդակցային վարքագիծը։ Նման տեղեկությունը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, շանտաժի, հոգեբանական ճնշման կամ թիրախավորված կիբեռգործողությունների իրականացման համար։

Փաստացի IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման հարցը վերաբերում է թվային դարաշրջանում մարդու հիմնարար իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության, տվյալների պաշտպանության և ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների պահպանմանը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment