Սակրամենտո, Կալիֆոռնիա – Կալիֆոռնիայի նահանգային ժողովը ստեղծել է Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով նոր հատուկ հանձնաժողովը։
Հանձնաժողովի առաջին նիստը, որը կկայանա 2026 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Կալիֆոռնիայի նահանգային Կապիտոլիումի 444-րդ սենյակում, նվիրված կլինի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև հարաբերություններին, առևտրի, միջազգային կապերի և գործարար համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում և Կալիֆոռնիայի հայկական համայնքում հայկական մշակույթի պահպանմանը։
Նիստի շրջանակում երկու թեմատ քննարկում կանցկացվի՝
(1) Կալիֆոռնիա–Հայաստան միջազգային հարաբերությունների և առևտրի ընդհանուր տեսություն,
(2) Կալիֆոռնիա–Հայաստան տնտեսական և գործարար համագործակցության հեռանկարներ։
Հանձնաժողովը կգլխավորի նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը։ Երկկուսակցական հատուկ հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև նահանգային ժողովի պատգամավորներ Խուան Ալանիսը, Այզեք Բրայանը, Ջեսիկա Կալոզան, Մարկ Գոնսալեսը, Դայան Փափանը, Փիլար Սկիավոն, Նիք Շուլցը, Խոսե Լուիս Սոլաչե կրտսերը և Ռիք Չավես Զբուրը։
«Որպես ամերիկահայ և Կալիֆոռնիայի հայկական օրենսդիր խմբակցության հիմնադրամի նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է բարձրաձայնել Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխշահավետ դաշինքի ստեղծման կարևորության մասին։
Կալիֆոռնիայում բնակվում է Միացյալ Նահանգների ամենամեծ ամերիկահայ համայնքը, և ես խորապես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք միացել են ինձ՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողովի գործունեությունը մեկնարկելու գործում», – հայտարարել է նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը (Դեմոկրատական կուսակցություն, Փասադենա)։
Կալիֆոռնիայի Հայկական օրենսդիր խմբակցության հիմնադրամը ծառայում է որպես հարթակ Կալիֆոռնիայի Սենատի և Նահանգային ժողովի անդամների համար՝ բացահայտելու ամերիկահայ համայնքին վերաբերող կարևորագույն խնդիրները և նպաստելու Կալիֆոռնիայի ողջ տարածքում ամերիկահայ համայնքի զարգացմանն ու հզորացմանը։ Հիմնադրամը խրախուսում է ներգրավվածությունը և մասնակցությունը Կալիֆոռնիայում իրականացվող մշակութային, կրթական և համայնքային նախաձեռնություններին։ Շահերի պաշտպանության իր գործունեության միջոցով հիմնադրամը ձգտում է ապահովել, որ Կալիֆոռնիայի ամերիկահայերի ձայնը լսելի լինի և ունենա համապատասխան հարթակ։
Կալիֆոռնիայի հայկական օրենսդիր խմբակցության հիմնադրամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: