«Մոսկովսկի կոմսոմոլեց»․ Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին

Թել Ավիվի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին, Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կարող էր դառնալ Հայաստանի արտաքին քաղաքական հաղթանակը։ Սակայն, ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, դրան խոչընդոտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով պատրաստ է հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը։

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը՝ հունիսի 28-ին, միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած բանաձևին, որով պաշտոնապես ճանաչվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Նախարարների կաբինետի նիստում ունեցած իր ելույթում Գիդեոն Սաարը նշել է, որ հայերի «սարսափելի ցեղասպանությունը» «ներառում էր մեկուկես միլիոն մարդու սպանություն և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում», և որ դրա ճանաչումը «մեր բարոյական պարտքն է՝ որպես հրեաների և, անշուշտ, որպես հրեա ժողովրդի պետության»։ Իսրայելի ԱԳՆ-ն այս որոշումն անվանել է «պատմական»։

Այսպիսով, Իսրայելը դարձավ 33-րդ երկիրը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է որպես պատմական փաստ: Նշենք, որ հենց այս արհավիրքին ենք «պարտական» «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» տերմինի ստեղծման համար։ Այն առաջին անգամ հայտնվել է Անտանտի երկրների 1915 թվականի մայիսի 24-ի հռչակագրում, որտեղ Օսմանյան կայսրության գործողությունները հայերի նկատմամբ որակվում էին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություններ»։ Հենց Հայոց ցեղասպանությունն է ոգեշնչել Հիտլերին, երբ նա որոշում էր կայացնում հրեաների ոչնչացման վերաբերյալ։

Այնուամենայնիվ, մինչ այժմ Թել Ավիվը ձեռնպահ էր մնում ցեղասպանության ճանաչումից, որպեսզի չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի հատվածում ռազմական գործողությունից հետո պաշտոնական Անկարան բազմիցս հանդես է եկել իսրայելցիների գործողությունները դատապարտող հայտարարություններով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրեական պետությունն անվանել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ իսրայելցի զինվորներին՝ ռազմական հանցագործներ։ Վերջերս՝ Կուրբան բայրամի տոնակատարության ժամանակ, նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շուտով «դաս կքաղի» ողջ աշխարհի մուսուլմաններից։ Թուրքիան դադարեցրել է ողջ առևտուրը Իսրայելի հետ, փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար և թույլ չի տալիս թուրքական նավերին մտնել իսրայելական նավահանգիստներ։ Աշխարհի թյուրքալեզու տնային տնտեսուհիներին (որոնք քիչ չեն տարբեր երկրներում) վերջերս «փափուկ ուժի» շրջանակներում ուրախացրել են պաղեստինցի աշխատավորների ծանր կյանքի մասին պատմող նոր թուրքական սերիալով։ Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ ոչ մի օր չի անցնում առանց այն բանի, որ Էրդողանը «կոչ չանի ոչնչացնել Իսրայելը», և Թել Ավիվը «շատ լուրջ» է վերաբերվում նրա խոսքերին։ Այս մասին հայտնել է իսրայելական The Times of Israel պարբերականը։

Թվում էր, թե Հայաստանի համար Իսրայելի այսպիսի որոշումը լուրջ հաջողություն է։ Սակայն ՀՀ վարչապետը, հավանաբար, ամենևին էլ ուրախ չէ դրա համար։ Կարելի է ասել, որ Իսրայելը նրան նենգաբար «հարվածեց գոտկատեղից ներքև», չէ՞ որ Փաշինյանը հայտարարում է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլևս չկա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Նա կցանկանար, որ այդ հարցը դուրս գար նաև ներքին օրակարգից ու տեղափոխվեր հանրային գիտակցության լուսանցք, որպեսզի հայերը «հաղթահարեն տրավման» և մոռանան այդ արհավիրքի զոհերի մասին։ Այլապես ինչպե՞ս բացատրել համաքաղաքացիներին, որ այժմ իրենք պետք է ընկերություն անեն հենց այն թուրքերի հետ, ովքեր սպանել են իրենց տատիկներին ու պապիկներին և ովքեր, ի տարբերություն գերմանացիների, ոչ մի բանի համար չեն զղջացել։

News.am

Leave a comment