Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը:
Իր ելույթում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն ու ռազմավարական գործընկերությունների խորացումը։
Այս առնչությամբ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը։
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումից՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ը դրա կարևոր մաս է կազմում և նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը՝ ամրապնդելով Հայաստանի՝ որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարությունը։
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: