ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ սպառնալով լրացուցիչ մաքսատուրքներ սահմանել Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների վրա։ Գրում է BBC-ն։
Ուրբաթ օրը հրապարակված հրամանում չի նշվում կիրառվող դրույքաչափը, բայց որպես օրինակ օգտագործվում է 25%-ը։ Այնտեղ ասվում է, որ մաքսատուրքը կարող է կիրառվել ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ ցանկացած երկրից, որը «ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում է, ներմուծում կամ այլ կերպ ձեռք է բերում Իրանից ցանկացած ապրանք կամ ծառայություն»։
Թրամփն այս տարվա սկզբին Truth Social-ում իր գրառման մեջ սպառնացել էր Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող երկրներին 25% մաքսատուրք սահմանել։ Հունվարի 12-ին նա գրել է. «Անմիջապես ուժի մեջ մտնելուց հետո՝ Իսլամական Հանրապետություն Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող ցանկացած գործարքի համար»։
Այս տեղեկությունը տարածվել է փետրվարի 6-ի երեկոյան, երբ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները հանդիպում էին Օմանում։ Սրանք առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև՝ 2025-ի ամռանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումներից հետո։
The post Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Իրանի հետ առևտուր անող երկրների վրա appeared first on CIVILNET.