Առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը (FirebirdAI, EleveightAI), ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է.

«Այսօր ընդունել եմ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Իմ խոսքում բարձր եմ գնահատել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Վաշինգտոնում ստորագրված «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ռազմավարական նշանակությունը։

Նշել եմ, որ հուշագրի ստորագրումը երկկողմ համագործակցության խթանման աննախադեպ կարևորություն ունի, և պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ փաստաթուղթն արդյունավետ կապիտալիզացնելու և շոշափելի արդյունքների վերածելու համար։

Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը (FirebirdAI, EleveightAI), ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը:

Դեյվիդ Ալենը, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև չիպերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության առանցքային ձեռքբերումներից մեկին՝ «Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology) ընկերությանը առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տրամադրելուն։ Ընդգծել եմ, որ սա երկկողմ հետևողական աշխատանքի արդյունք է, և այս համագործակցությունը հաստատում է երկու երկրների միջև ձևավորված բարձր փոխվստահությունը:

Այս համատեքստում շեշտել եմ, որ Հայաստանի համար ԱՄՆ արտահանման վերահսկողության ռեժիմում ավելի բարենպաստ կարգավիճակի անցումը կդառնա ռազմավարական գործընկերության տրամաբանական և օրինաչափ շարունակությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment