ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցումը

Փորձագետները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն այն տնտեսական և իրավական հետևանքները, որոնք կարող են առաջանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում։ «RTVI»-ին տված հատուկ հարցազրույցում այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը պատասխանել է այն հարցին, թե ինչպե՛ս կարող է կասեցվել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, քանի որ Միության պայմանագիրը չի նախատեսում անդամ երկրների հեռացում, եթե նրանք հենց իրենք չեն ցանկանում դուրս գալ կառույցից։

Միխայիլ Գալուզինը հիշեցրել է, որ վերջերս «ընդունվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը, որտեղ հստակ արձանագրված է, որ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ներկայիս ղեկավարության ծրագրերը բացարձակապես կոնկրետ ռիսկեր են ստեղծում մեր Եվրասիական ինտեգրացիոն միավորման մյուս (բացի Հայաստանից) անդամների տնտեսական անվտանգության համար»։

«Չորս առաջնորդները հանձնարարել են զեկույց պատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Այնպես որ, համոզված եմ՝ փորձագետները կուսումնասիրեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական կողմերը։ Ուստի եկեք սպասենք մասնագետների աշխատանքի արդյունքներին»,- RTVI-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Դիվանագետի խոսքով՝ ԵԱՏՄ մյուս անդամների համար «անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը օրենսդրորեն ամրագրում է իր այսպես կոչված եվրաձգտումները՝ միևնույն ժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր բարիքներից ու առավելություններից»։

«Ես վերը նշեցի, որ զեկույցի վրա աշխատելու են թե՛ տնտեսական, թե՛ իրավական տեսանկյունից։ Ես պարզապես չէի ցանկանա առաջ ընկնել և խոսել զեկույցի բովանդակության մասին»,- պատասխանել է Միխայիլ Գալուզինը՝ ի պատասխան այն ճշտող հարցին, թե ընթացակարգային առումով կոնկրետ ինչպե՛ս կարող է տեղի ունենալ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը, քանի որ ԵԱՏՄ պայմանագրով պետության անդամակցության դադարեցում կամ կասեցում նախատեսված չէ, եթե միայն տվյալ երկիրն ինքը չցանկանա դուրս գալ միավորումից։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Երևանն օրենսդրորեն կոդիֆիկացրել է ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի սկիզբը, իսկ այդ կառույցին անդամակցությունը «թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես անհամատեղելի է» ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։

«Էլ ի՞նչ է մեզ ու ձեզ անհրաժեշտ արձանագրելու համար, որ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսված է․ այս թեմայով հատուկ օրենք է ընդունվել։ Եվ որևէ այլ մեկնաբանություն ես այստեղ չեմ տեսնում»,- նշել է Միխայիլ Գալուզինը։

News.am

Leave a comment