«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սա ի՞նչ գործընթաց է, ինչո՞ւ հենց այս փուլում տեղի ունեցավ ճանաչումը։

-Սա կառավարության պաշտոնական ճանաչում էր, բայց սա Իսրայել պետության պաշտոնական ճանաչում չէ։

Երկրորդ, սա հերթական անգամ հնարավորություն էր Էրդողանին շատ ցավագին հարված հասցնել, սա կամ ծանր ապտակ էր Էրդողանին, կամ մուրճով գլխին հասցված հարված։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանն ինչ մաղձ ասես, թափում է Իսրայելի կառավարության ու ժողովրդի գլխին՝ մեղադրելով նրանց Գազայում ցեղասպանություն կազմակերպելու ու այլ ծանր մեղքերի մեջ։ Գնալով Էրդողանի հռետորաբանությունն ավելի է սաստկանում, եւ Իսրայելի կառավարությունը որոշեց վերջիվերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բայց, ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե, Նեթանյահուն նոր պատերազմ չձեռնարկի։

Ցավոք սրտի, Նեթանյահուն այն մարդկանցից է, որը երկրի տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի ժամանակ հերթական ինչ-որ նոր ռազմական օպերացիա է սկսում եւ մարդկանց ուշադրությունը գրավում է նոր պատերազմներով։ Այսինքն՝ սա Իսրայելի կառավարության փաստացի ճանաչումն է, որը, այո, դրական ազդակ ու ձեռքբերում է, բայց սա օրինական ճանաչում չէ։ Որպեսզի վերջնական ճանաչում լինի, կառավարությունը պետք է օրենքի նախագիծ մշակի, այն ներկայացնի Քնեսետ՝ լիագումար նիստի քննարկմանը։ Լիագումար նիստի ժամանակ օրինագիծն անցկացնելուց հետո, որոշվելու է, թե որ հանձնաժողովն է այդ օրենքի նախագիծը քննարկելու, այնտեղ գիտնականներ են հրավիրվելու, Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրություններ են իրականացվելու։ Եվ դրանից հետո օրենքի նախագիծն արդեն ուղարկելու են բոլոր պատգամավորներին, եթե ընթացքում պատգամավորների մոտ հարցեր են առաջանում, պետք է տեղի ունենա առաջին լսումը, եթե առարկություններ չլինեն, երկրորդ ընթերցում տեղի չի ունենում, դրանից հետո միայն օրենքը կմտնի ուժի մեջ։ Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի ասել, որ Իսրայել պետությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ այս դեպքում այս կառավարությունը ճանաչել է, բայց հաջորդ կառավարությունը կարող է գալ ու ասել՝ չեմ ճանաչում։

-Դուք բացառո՞ւմ եք, որ կարող է այս գործընթացը շարունակություն ունենալ։

-Եթե Քնեսեթի աշխատանքին երկու շաբաթ է մնացել, ինչպե՞ս է շարունակություն լինելու։ Երկու շաբաթ հետո Քնեսեթը գնալու է արձակուրդ, դիմացն էլ աշնանային ընտրություններ են։ Եթե նույն մարդիկ նույն կազմով անցնեն Քնեսեթ, կարող է ինչ-որ հույս լինել, բայց դա դեռ հարցական է։ Ես 23 տարի այդ հարցով եմ զբաղվում, առնվազն 15 անգամ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի քննարկմանը Քնեսեթում, տեսել եմ՝ ով ինչպես է քվեարկում։

-Այսինքն՝ սա ավելի շատ Թուրքիայի դեմ ուղղված ձեւական քա՞յլ է։

-Սա քաղաքական ապտակ է Թուրքիային, այդքան բան։ Ըստ էության ԱՄՆ ճանաչումից հետո սա երկրորդ ճանաչումն է։

-Իսկ հայ համայնքի մոտ ի՞նչ տրամադրություններ են այս հարցով։

-Ոգեւորություն չկա։ Հայ Դատի հանձնախումբը երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանի մահից հետո իր մահկանացուն կնքեց, հիմա Հայ Դատի հանձնախումբ Երուսաղեմում չկա։ Ինչքան էլ փորձեցինք հույս տալ մեզ, որ դաշնակցականները Հայ Դատի հանձնախումբը վերակենդանացնելու են, նոր ուժեր են ներգրավելու ու նոր ձեւով են աշխատելու, բայց դա տեղի չունեցավ, Հայ Դատի հանձնախումբը երեւի 2019 թվականից հետո չի աշխատում Իսրայելում։ Մնացել են մի քանի անհատներ, որոնք զբաղվում են այս հարցերով։

-Իսկ հավաքական հայ համայնքը չի կարո՞ղ ազդել գործընթացի վրա։

-Հայկական համայնքը հավաքական հայտարարությամբ հանդես չի եկել։ Երուսաղեմի պատրիարքարանն է հայկական համայնքը միավորող կառույցը, բայց Երուսաղեմի հայկական համայնքը Կովերի պարտեզի պատմություններից հետո այլեւս հայտարարություններ չի անում, երկրորդ՝ իրենք ընդհանրապես քաղաքական հայտարարություններ չեն անում։

Ես էլ Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահն եմ, պաշտոնական հայտարարությամբ հանդես չեմ գալու, որովհետեւ եթե խոսեմ, վատը պետք է խոսեմ։ Այսինքն՝ ես Իսրայելում վարդագույն ակնոցներով չեմ ապրում։ Ես խնդիրներին նայում եմ ըստ էության՝ լինելով մի քանի հայերից մեկը, որ եղել եմ Քնեսեթում եւ տեսել, թե որ կուսակցությունն ինչպես է քվեարկում։

Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը 2016 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մենք շատ էինք ուրախացել, դա մեզ համար փոքրիկ հաղթանակ էր։ 2016 թվականին հարցը տեղափոխվեց լիագումար նիստ, բայց լիագումար նիստը մերժեց հարցի ընդունումը։ Դա օրենքի մեծ նախագիծ էր, որի վրա տասնամյակներով աշխատանք էր տարվել, բայց այդպես էլ Քնեսեթում տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչում։

Դա մեր միակ հաղթանակն էր, մյուս դեպքերում մեր հարցը միշտ ուղարկվել է Քնեսեթի արտաքին հարաբերությունների ու անվտանգության հանձնաժողով, որտեղ մեծ ազդեցություն ունեն թուրքական ու ադրբեջանական լոբբիստական ուժերը։ Եվ, ցավոք սրտի, մեր հարցը միշտ դրվում էր «սառույցի վրա»։

Ինչքան էլ մենք այստեղ փորձում ենք ժողովրդական դիվանագիտությունով հայ-իսրայելական հարաբերությունները ջերմացնել, բայց պետական մակարդակով շատ անելիքներ կան։ Իհարկե, մենք ունենք դեսպանատուն, ինչը շատ դրական է, Հայաստանի նախկին իշխանությունների օրոք Իսրայելում դեսպանատուն չունեինք։ Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբում 20 պատգամավոր կա ընդգրկված՝ եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից, բայց որեւէ պատգամավոր մատը մատին չտվեց, որ գոնե մեկ անգամ այցելություն կազմակերպեին Իսրայել ու Քնեսեթի իրենց գործընկերների հետ հանդիպում անցկացնեին։

Հասկանալի է, որ 44-օրյա պատերազմից հետո Իսրայելի նկատմամբ բացասական վերաբերմունք էր ձեւավորվել, բայց դրանից հետո աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ԱՄՆ-ն մտել է տարածաշրջան։ Ի վերջո, Հայաստանը պետք է ազատագրվի Ռուսաստանի 30 տարվա ստրկությունից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment