Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից 9 մլն դրամ է պահանջում

Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից 9 մլն դրամ է պահանջում

Փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհիի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում՝ 9 մլն դրամի չափով։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Զարուհի Փոստանջանը։ Նա հայցադիմում է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տվյալները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին։

Փաստաբանը պարզաբանեց, որ հայցադիմումը վերաբերում է այս տարվա մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մերգելյանի այգում Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։

«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… », – ահա այդ ելույթից մի հատված։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։

Սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում այս գործով հունիսի 20-ից հետո թարմացում չկա։ Պարզ չէ, դատավորը գործն ընդունել է վարույթ, թե՝ ոչ։

Leave a comment