ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ․ Axios

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և երեքշաբթի՝ հունիսի 30-ին, հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածությունը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։

«Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները», — ասել է աղբյուրը։

Սկզբում նախատեսվում էր, որ այդ օրը Շվեյցարիայում կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցություններ։ Սակայն լարվածության սրման պատճառով հանդիպման վայրը փոխվել է, իսկ օրակարգի գլխավոր թեման դարձել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովումը։

Աղբյուրների տեղեկություններով՝ բանակցություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ամերիկյան տեխնիկական խմբի ղեկավար Նիք Ստյուարտը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն մի քանի հարված էր հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել էր հրադադարի պայմանները խախտելու մեջ՝ հայտարարելով, որ Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարի ուղղությամբ։

Թրամփը նաև զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը վերսկսի լայնածավալ ռազմական գործողությունները, «Իրանը կարող է դադարել գոյություն ունենալ»։

«Կարող է գալ մի պահ, երբ այլևս չենք կարողանա ցուցաբերել զսպվածություն և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել սկսածը», — հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment