Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագյոզյանը՝ Արցախից տեղահանվածների վերաբերյալ փոփոխության մասին

«Բարեփոխումները կարող ենք 2 մասի բաժանել, որոնց մի մասը վերաբերում է հենց շահառուներին, նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներին, առաջարկներին, իսկ մյուս մասը՝ պետության և ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերություններին, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ գործիքակազմերի ներդրմանը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխություններին։

«Գործնականում ունենում էինք դեպքեր ամուսնալուծված ընտանիքներում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին, այնուամենայնիվ, դիմում էր մյուս ծնողը: Մինչ այս փոփոխությունը, քանի դեռ անչափահաս երեխայի՝ հավաստագիր ստանալու իրավունքը չէր իրացվել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել: Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում։

Այսինքն՝ երեխան համարվում է ընտանիքի պարտադիր անդամ այն ընտանիքում, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքն ավտոմատ վերագրվում է մայր ծնողին: Մեզ մոտ խնդիրը հիմնականում ծագել էր հայր ծնողների մոտ, որոնք չէին կարողանում դիմել ծրագրին, քանի դեռ մայր ծնողն իրավունքը չէր իրացրել»,- մանրամասնեց Գայանե Ղարագյոզյանը։

Նա ընդգծեց, որ այս պահից սկսած բոլոր ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին չէ երեխան, կարող են դիմել և ստանալ հավաստագիր՝ առանց դիմում-հայտարարության մեջ անչափահաս երեխայի տվյալները լրացնելու. «Նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս իր ընտանիքի պարտադիր կազմում չի դիտարկվի: Իր դիմումը չի մերժվի թերի կազմի հիմքով, քանի որ իրավունքն այլևս վերագրվել է մայր ծնողին կամ դատարանի վճռով որոշված խնամակալ ծնողին: Այս պահից սկսած նման ծնողները կարող են դիմել»։

Տեսանյութը՝ ավելի ուշ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment