Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը

Քաղաքականություն

29.06.2026 | 10:45

«Իսրայելի կառավարության կողմից, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայացրած որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացնում»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, թե «անընդունելի է 1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրումը» և բարդ պատմական գործընթացներն «իրավական և գիտական ​​հիմքերից զուրկ քաղաքական որոշումների առարկա դարձնելը»։

«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերին: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ վերանայել իր որոշումը: Ադրբեջանը կշարունակի հետևողականորեն հավատարիմ մնալ պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և տարածաշրջանում կայուն խաղաղությանն աջակցելու իր դիրքորոշմանը»,- ասվում է Բաքվի հայտարարությունում։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։ Անկարան Իսրայելի քայլը կապել էր Գազայում իրադարձությունների հետ՝ նշելով, թե Իսրայելի կառավարությունը «1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment