Forbes-ն Իլոն Մասկին անվանել է աշխարհի առաջին տրիլիոնատերը

Հունիսի 28-ին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը նշում էր իր ծննդյան օրը։ Նա դարձավ 55 տարեկան։ Դեռ մանկուց Մասկը հետաքրքրված էր համակարգչային տեխնոլոգիաներով և ձեռնարկատիրությամբ։ Իր առաջին առևտրային գործարքը նա կատարել է ընդամենը 12 տարեկանում՝ ստեղծելով տեսախաղ և վաճառելով այն համակարգչային ամսագրի։

Հունիսի 12-ին Forbes-ը հայտարարեց, որ Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը այն բանից հետո, երբ SpaceX-ի բաժնետոմսերը սկսեցին շրջանառվել Nasdaq բորսայում՝ մեկ բաժնետոմսի համար 150 դոլար գնով։ Դրա շնորհիվ ընկերության շուկայական կապիտալիզացիան հասավ գրեթե 2 տրիլիոն դոլարի։

Forbes-ի գնահատմամբ՝ IPO-ից հետո, հունիսի 12-ի առավոտվա դրությամբ, Մասկի կարողությունը կազմել է մոտ 1.1 տրիլիոն դոլար։

Նրա հարստության հիմնական մասը կապված է SpaceX-ում և Tesla-ում ունեցած բաժնեմասերի հետ, ուստի ընդհանուր կարողությունը կարող է զգալիորեն փոփոխվել՝ կախված այդ ընկերությունների շուկայական արժեքից։

Սակայն հունիսի երկրորդ կեսին SpaceX-ի բաժնետոմսերի գնի նվազումից հետո գնահատականները վերանայվեցին։ Bloomberg Billionaires Index-ըՄասկի կարողությունը գնահատեց մոտ 946 միլիարդ դոլար, իսկ Forbes-ը՝ մոտ 941 միլիարդ դոլար։

Ըստ Forbes-ի՝ Մասկի ամենաթանկ ակտիվը շարունակում է մնալ SpaceX-ում ունեցած բաժնեմասը, որի արժեքը գնահատվում է մոտ 737 միլիարդ դոլար։ Tesla-ում նրա բաժնեմասը գնահատվում է շուրջ 155 միլիարդ դոլար, իսկ Neuralink-ում և The Boring Company-ում ունեցած ավելի փոքր բաժնեմասերի ընդհանուր արժեքը՝ մոտ 6.75 միլիարդ դոլար։

Forbes-ի տվյալներով՝ SpaceX-ի տնօրենների խորհրդի նախագահին, գլխավոր գործադիր տնօրենին և գլխավոր տեխնիկական տնօրենին պատկանում է ընկերության շուրջ 4.8 միլիարդ բաժնետոմս, որոնց արժեքը կազմում է մոտ 715 միլիարդ դոլար։ Բացի այդ, նա ունի ևս 350 միլիոն բաժնետոմս ձեռք բերելու օպցիոններ, որոնց արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ դա նրան ապահովում է SpaceX-ի մոտ 38% բաժնեմաս։

Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշում 2012 թվականին՝ մոտ 2 միլիարդ դոլար կարողությամբ։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր 634-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Ընդամենը ինը տարի անց՝ 2021 թվականի հունվարին, Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ աճի շնորհիվ Մասկը շրջանցեց Ջեֆ Բեզոսին և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը։

Forbes-ի հարստության թեմաների գծով խմբագրի տեղակալ Մեթ Դյուրոն նշել է, որ Իլոն Մասկի՝ 1 տրիլիոն դոլարի կարողության շեմին հասնելը պատմական իրադարձություն է, որը ժամանակին անհնար էր թվում։ Դա ցույց է տալիս, թե որքան արագ կարող է ստեղծվել հարստությունը տեխնոլոգիական և փոխկապակցված աշխարհում։

Leave a comment