«Իրանցիները վախենում են, որ կարող է ադրբեջանա-ամերիկյան զինված ստորաբաժանումներ հայտնվեն ՀՀ-ում Իրանի սահմանին, հայկական կողմն այդ մտահոգությունները փարատել է»

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ զրույցում փաստեցինք, որ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ամրագրված է, որ Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն, մտահոգություններ կան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Այն, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց կա, դա փաստ է, որովհետեւ՝ օրինակ՝ 2018, 2019, 2020 թվականների ազատությունները, որ կային, հիմա չկան»։

«Մրցանակը հերթական ֆոնն է տալիս։ Սա ավելի շատ ոչ թե խաղաղաղության համաձայնագրի ստորագրմանն է ուղղված, այլ ընդհանուր ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման գործընթացի շրջանակներում է։ Հատուկ ՀՀ-ի, Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելուն չի ուղղված։ Սա ավելի շատ գլոբալ նախագիծ է, քան միայն ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մաս»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարներն արժանացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման, սա կարո՞ղ է ազդել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա, թե՞ կրկին լավատես չէ այդ առումով, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նա հիշեցրեց՝ այդ գործընթացում դեռ ադրբեջանական նախապայմանները մնում են. «Դեռ ՀՀ-ի Սահմանադրությունից պահանջում են հեռացնել 1-ին հոդվածը, եւ այս առումով փոփոխություն չկա։ Չնայած վերջերս իրենց մեջլիսի պատգամավորներից մեկն ասաց, որ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել նույնիսկ առանց ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու, եթե ՀՀ-ն խոստանա, որ ապագայում նման երաշխիք է տրամադրելու, որ ապագայում այդ հոդվածը կփոխվի»։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պետք է դեռ հաջորդեն ֆորմալ գործընթացներ, այնպես որ, սահմանադրական հանրաքվեն չի կարող ավելի շուտ լինել, քան 2026-ի ընտրությունները։ Այն կարող է լինել 2027-ին։

Փաստեցինք՝ ճարտարագետների խումբ է ժամանել ՀՀ, ԹՐԻՓՓ-ի հետ կապված քննարկումներ են ընթանում, բայց կարծես Իրանի կողմից անընդունելի հարցեր կան, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Իրանական կողմն ունի որոշ մտահոգություններ, հայկական կողմն էլ այդ մտահոգությունները փարատել է։ Իրանցիները վախենում են, որ կարող է ադրբեջանա-ամերիկյան զինված ստորաբաժանումներ հայտնվեն ՀՀ-ում Իրանի սահմանին, ՀՀ-ն էլ ասում է՝ նման բան չի լինելու։ Եթե այդքանից հետո իրենք էլի կմտահոգվեն, դա իրենց խնդիրն է։ Մեր խնդիրն է իրենց համոզել, ապացուցել, որ նման բան չկա, որ ԹՐԻՓՓ-ը չի նշանակում ամերիկյան զինուժի տեղակայում ՀՀ տարածքում։ ԹՐԻՓՓ-ը մեր շահերից բխող նախագիծ է եւ ՀՀ-ն էլ վճռական է տրամադրված այդ նախագիծը կյանքի կոչելու։ ԱՄՆ-ն այդ թեմայով Իրանի հետ խոսելու բան չունի, Իրանի բոլոր հարցերն ուղղված են ՀՀ իշխանություններին, մեր իշխանություններն էլ ասել են՝ հանգստացեք, նման թեմա չկա»։

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված Արմեն Վարդանյանը դրական ակնկալիքներ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ եւ Ադրբեջան այցից. «Հույս ունեմ, որ ինչ-որ գործընթացներ տեղի կունենան, որ գերիների մի խումբ, եթե ոչ բոլորը, կվերադառնան։ Այս պահին Ադրբեջանը կարծրացած դիրքորոշում ունի գերիների հարցում. ուզում է առեւտուր անել, ինչ-որ բան պոկել ՀՀ-ից։ Դրա համար Ալիեւի վրա ուժեղ ճնշում է պետք գործադրել, ու դա այս պահին կարող է միայն անել ԱՄՆ-ն»։

Արմեն Վարդանյանի հետ զրույցում փաստեցինք, որ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ամրագրված է, որ Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն, մտահոգություններ կան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Այն, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց կա, դա փաստ է, որովհետեւ՝ օրինակ՝ 2018, 2019, 2020 թվականների ազատությունները, որ կային, հիմա չկան։ Հիմա մարդուն խոսքի համար բանտ են նստացնում, ինչը ժամանակին չէր նկատվում։ Խափանման միջոց կալանքը խնդրահարույց է։ Եթե գլոբալ նայենք, որոշակի հետընթաց ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասով կա, կան մարդիկ, որոնք կալանքի տակ են գտնվում կասկածելի հիմքերով։ Ընդհանուր առմամբ՝ մտահոգիչ է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment