«Առաջարկում եմ կարճ հանդիպում պահանջենք Ջեյ Դի Վենսի հետ, մեր երկրում չպետք է քաղբանտարկյալներ լինեն»․ Արամ Սարգսյան

«Երկիրը և մեր ժողովուրդը գնում են ընտրությունների։ Ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել ոչ միայն իր առանձին կամ որոշ առումով նաև պոպուլիստական խոստումները, այլ առաջին հերթին պետք է կոնցեպտուալ մոտենալ այս հարցին, գտնել ելքեր։ Հավաքական կազմ է պետք։ Եթե թիմը ձևավորվի այս ամիսներին, այն ավելի մեծ վստահություն կներշնչի հասարակությանը»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։

Նա առաջարկեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ դիմեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և նրա հետ հանդիպում խնդրեն․ «Պարոն Դի Վենսը հետո գնալու է Բաքու և պարտավոր լինելու բարձրացնել այն հարցը, որ անհապաղ ազատ արձակեն մեր բոլոր գերիներին։ Երկրորդը, որ Դի Վենսը կարող է որպես ժողովրդավարական սկզբունքի ներկայացուցիչ հանդիպել Վեհափառի հետ և հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումը, որն իրականացնում է այս իշխանությունը, նա նույնպես կասեցնելու հնարավորություն ունի։ Կարող է պահանջել այս իշխանություններից։ Դրա հետ մեկտեղ, որ մեր երկրում ընդհանրապես քաղբանտարկյալներ չլինեն։ Մենք կարող ենք այդպիսի դիմում ուղղել ԱՄՆ դեսպանություն և առաջարկել գոնե տասը րոպեով հանդիպում Ջեյ Դի Վենսի հետ»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment