ԱՄՆ հետախուզական սխալները հանգեցրել են Իրանի դպրոցի վրա ողբերգական հարվածին. Bloomberg

Իրանի դեմ հարվածների թիրախները որոշելիս տեղի են ունեցել հետախուզական սխալների շարք, ինչը հանգեցրել է Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակմանը՝ Թեհրանի դեմ ռազմական ագրեսիայի առաջին օրը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։

Աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության առաջին օրը։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, իսկ ևս 95-ը վիրավորվել են։

Գործակալության տվյալներով՝ դեռևս 2019 թվականին հետախուզական վերլուծաբանը, որը վերանայել է հավանական թիրախների վերաբերյալ տեղեկատվությունը, նկատել է փոփոխություններ Մինաբի մի օբյեկտում, որը Միացյալ Նահանգները նախկինում համարել է Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման ռազմածովային բազայի մաս, բայց այնտեղ իրականում տեղակայված է եղել տարրական դպրոց։ Նա նշել է փոփոխությունները թվային հետախուզական գործիքի միջոցով, սակայն այն կապված չի եղել Վաշինգտոնի կողմից հարվածների թիրախները նույնականացնելու համար օգտագործվող պաշտոնական հետախուզական տվյալների բազայի հետ, և տեղեկատվությունը երբեք չի հասել հրամանատարությանը։

Նույն օբյեկտը հետագայում բազմիցս ստուգվել է, սակայն թիրախավորման տվյալների բազան չի թարմացվել: Աղբյուրների համաձայն, այս փաստերը ներառված են դպրոցական հարվածի վերաբերյալ Պենտագոնի կողմից անցկացված հետաքննության մեջ, որի արդյունքները չեն հանրայնացվել։ Գերատեսչությունը հայտարարել է, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է:

Leave a comment