Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունն այլևս չի մասնակցի Սահմանադրական դատարանում հունիսի 7–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Այս մասին ՍԴ նիստի ժամանակբացատրությունները ներկայացնելուց հետո հայտարարել է նրանց ներկայացուցիչ Ռուբեն Հարությունյանը։ Մինչ այդ Հարությունյանը շեշտել է, որ ընտրախախտումներն այնքան ակնառու են, որ բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրության արդյունքները։
«Խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել 17,097 քվեաթերթիկ, ինչը նշանակում է, որ նույն քանակի քաղաքացիների ընտրական կամքը չի ծառայել իր նպատակին։ Մենք չենք բացառում, որ որոշ ընտրողներ միտումնավոր են իրենց քվեաթերթիկներն անվավեր դարձրել, սակայն ակնհայտ է, որ խոսքը չէր կարող ավելի քան 17,000 ընտրողի մասին լինել։ Այս քանակն արդեն իսկ հուշում է, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Համեմատության համար նշենք, որ թե՛ 2018, թե՛ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5,000-ի սահմանը»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա