Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը


Բուլղարիայի հանրապետության Նովի-Պազար համայնքի պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է: Հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Անիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հարություն Համբարյանը, համայնքի ղեկավարի օգնական Անան Ոռումյանը, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Հասմիկ Զատիկյանը, հայտնում են համայնքապետարանից։


 


Հունիսի 26-ին պատվիրակության անդամներին՝  ի դեմս Նովի-Պազարի համայնքապետ Գեորգի Գեորգիևի, Անի համայնքում դիմավորել են մեծ շուքով ու ջերմությամբ: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրերին ընդունել է համայնքապետարանի մուտքի մոտ:


 


Նախ՝ աղուհաց, հետո ազգային երգ ու պար՝ Մարալիկի Արվեստի դպրոցի սաների կատարմամբ:


 


 


Հաջորդիվ Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում  տեղի է ունեցել հայ-բուլղարական քույր-քաղաքների ներկայացուցիչների  հանդիպման  պաշտոնական արարողություն:


 


Ելույթով է հանդես եկել  Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը.


 


«Բուլղարիայի հանրապետության Նովի -Պազար քույր քաղաքի պատվիրակության հարգարժան անդամներ, ի դեմս Գեորգի Գեորգիևի, սիրով ողջունում եմ Ձեզ ու հայտնում իմ երախտագիտությունը՝ մեր հրավերն ընդունելու և Անի համայնքում հյուրընկալվելու համար։


 


Նախորդ տարվա աշնանը դուք  սիրով հյուընկալեցիք Անի համայնքի պատվիրակությանը ձեր երկրում, կնքեցինք հուշագիր՝ տարբեր ոլորտներում, այդ թվում կրթության մշակույթի, սպորտի, տուրիզմի ու տնտեսական  ոլորտներում  համագործակցությունը խորացնելու նպատակով, ունեցանք բազմաբովանդակ հանդիպումներ ու քննարկումներ՝ երկու երկրների քույր քաղաքներում  մի շարք փոխադարձ ծրագրերի  իրագործման նպատակով, եղան ճանաչողական այցեր՝ պատմամշակութային վայրերում։ 


 


Այսօրինակ հագեցած օրակարգ է սպասվում նաև Ձեզ մեր երկրում ու համայնքում»։


 


Արման Սարիբեկյանն առանձնահատուկ կերպով շնորհակալություն է հայտնել  գործարար, բարերար, Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանին՝ այս նախաձեռնությունն իրագործելու և կյանքի կոչելու համար։ Միաժամանակ համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք նախագծեր կիրագործվեն  հաջողությամբ։


 


«Ամեն ինչ արվելու է՝ երկու երկրների համայնքների միջև հաստատված բարեկամական կապն ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- ասել է նա:


 


Այնուհետև ելույթ է ունեցել Նովի-Պազար համայնքի ղեկավար Գեորգի Գեորգիևը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար:


 


 


Միաժամանակ բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները՝ վստահեցնելով, որ քույր-քաղաքների՝ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը կտա ցանկալի արդյունք:


 


Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:

Դիտումների քանակ8

Leave a comment