Քաղաքականություն
26.06.2026 | 18:30
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» ավելի քան մեկ ժամ տևած նիստից հետո կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ Ալեն Սիմոնյանը 9-րդ գումարման ԱԺ-ում չի զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Փաշինյանը նշեց՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս հայտարարությունից հետո ՔՊ կենտրոնական գրասենյակից Հասմիկ Հակոբյանի հետ դուրս եկավ Ալեն Սիմոնյանն ու արագորեն հեռացավ՝ չպատասխանելով որևէ հարցի։
ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում էին գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Թե ՔՊ 20 հոգանոց վարչության քվեները ինչպես են բաշխվել, կուսակցությունը չի բացահայտում։
Այուհանդերձ, Ռուբեն Ռուբինյանն ակնարկեց, որ Ալեն Սիմոնյանին ներկուսակցական պայքարում հաղթել է 10-ից ավելի քվե ստանալով։ Ալեն Սիմոնյանը միայն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ թեմային։
«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել էր նա:
Իսկ ինչով է զբաղվելու Ալեն Սիմոնյանը։ Մամուլում տեղեկություններ կան, որ նա զբաղեցնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։ Սիմոնյանն առայժմ այս թեման չի մեկնաբանել։ Սակայն, այս տարվա մարտի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով Factor TV-ի հարցին նշել էր, որ ցանկանում է շարունակել զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան