Միացյալ Նահանգները «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո:
«Իրանը, կարծես, շատ ուզում է գործարք կնքել: Պետք է տեսնենք, թե ինչ գործարք է դա», – ասել է նախագահը Air Force One ինքնաթիռի վրա։
ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Սրանք առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև՝ 2025-ի ամռանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումներից հետո։
Բանակցություններին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և ԱՄՆ-ի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, ինչպես նաև Ջարեդ Քուշները՝ Թրամփի փեսան: Բանակցությունները եղել են անուղղակի՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, որն առանձին-առանձին հանդիպել է յուրաքանչյուր կողմի հետ։
Օմանի պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում նաև երևում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը, ով նույնպես ներկա է եղել հանդիպումներին։
Արաղչին իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է «նախնական պլան»՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև «ընթացիկ իրավիճակը կարգավորելու» համար․ հաղորդել են իրանական լրատվամիջոցները։
Այնուհետև Օմանի պաշտոնյան պլանը փոխանցել է Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակությանը, ամերիկյան պատասխանն էլ բանակցությունների ընթացքում կհանձնվի իրանական կողմին։
CNN-ը գրում է, որ բանակցությունների շրջանակը անհասկանալի էր։ Հանդիպումներից առաջ իրանական պաշտոնյաները պնդում էին, որ ցանկանում են քննարկել միայն միջուկային ծրագրին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ն պահանջել է ավելի լայն քննարկումներ, որոնք ներառում են բալիստիկ հրթիռները, Թեհրանի զինված պրոքսիները, որոնք դեռ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի համար, և Իրանի վերջին դաժան ճնշումները՝ բողոքի ակցիաների դեմ։
Երկու կողմերն էլ համաձայնել են անցկացնել հետագա քննարկումներ։
***
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։
Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։
Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։
The post ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ․ Թրամփ appeared first on CIVILNET.