Շահարկվում էին հազարավոր ընտրակաշառքի դեպքեր, բայց կա ընդամենը 258 մեղադրյալ. Վարդևանյան

Նա ՍԴ դատավորներին ներկայացրեց իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրություններում կիրառված վարչական ռեսուրսի փաստերը։
«Այդքան շահարկված ընտրակաշառքի իբրև թե հազարավոր դեպքերի վերաբերյալ կա ընդամենը 258 մեղադրյալ, բայց դա հանրությանն այնպես էին ներկայացնում, թե իբր դեպքերը վերաբերում են հազարավորների։ Այո, 258 դեպք, բայց նայեք դրա հասցրած վնասը՝ սև PR–ի տեսանկյունից։ Դժվարությունը ո՞րն էր, որ ընդհանրապես քաղաքական ուժի անուն չօգտագործվեր. չէ՞ որ այդ ձայնագրություններում չկային անուններ։ Բարձր դատարան, լռության պահպանման օրը Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակում, որտեղ մեր պատգամավորի թեկնածուի մասին տիկնայք են խոսում, բայց եթե մեր թեկնածուն արձագանքեր, ապա ԿԸՀ–ի կողմից պատասխանատվության կենթարկվեր քարոզչության կանոնները խախտելու համար»,– ասաց Վարդևանյանը։
Փաստաբանը շեշտեց, որ հունիսի 7–ին կայացած խորհրդարանական ընտրությունների սահմանադրականությունը կասկածի տակ է, քանի որ բոլոր ուժերի համար չի ապահովվել հավասար ու ազատ միջավայր։
«Մեր ուժի մասին ասում էին, թե կա օտարերկրյա ազդեցություն։ Բարձր դատարան, մի շարք եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ աջակցել են առաջադրված ուժերից մեկի պատգամավորի թեկնածուին (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին– խմբ.)։ Ո՞վ է չափել՝ սա ինչքանով է ազդել ընտրությունների արդյունքների վրա»,– շարունակեց նա։
Վարդևանյանն անդրադարձավ նաև գաղտնի ցուցակներին՝ շեշտելով, որ այդ ցուցակների հետ կապված չկա որևէ վերահսկողություն։
«Նման պայմաններում մենք ինչպե՞ս խոսենք ընտրությունների սահմանադրականության մասին, եթե նման խնդիրներ գոյություն ունեն և չեն վերացվել»,– եզրափակեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment