Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, խնդրելով աջակցություն Արցախում տեղի ունեցող մարդասիրական և հոգևոր խնդիրների լուծման հարցում։ Եպիսկոպոսը նշել է, որ Արցախում պատմական եկեղեցիները, կրոնական հուշակոթողները և սրբավայրերը լուրջ վտանգի տակ են, իսկ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ անազատության մեջ։
Նամակում ընդգծվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի զինադադարից հետո հայ ռազմագերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում համայնքներին, իսկ բազմաթիվ անհետ կորածներ շարունակում են անհայտ մնալ։ Տեր Վրթանեսը կոչ է անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս հարցերին և աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքին անազատության մեջ պահվող անձանց մոտ։ Նա նաև ընդգծել է, որ Արցախի քրիստոնեական ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները և հուշարձանները, պահանջում են պաշտպանություն և վերականգնում։
Եպիսկոպոսը հույս է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները կօգտագործեն իրենց ազդեցությունը՝ աջակցելու մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված քայլերին։ Նա վստահ է, որ փոխնախագահի այցը Հայաստան կարող է նպաստել հրատապ մարդասիրական լուծումների առաջ մղմանը։