Քարոզչական հրեշավոր թեզերը

Կան ՀՀ իշխանության քարոզչության թեզեր, որոնք քննադատության չեն դիմանում: Օրինակ՝ «մենք խաղաղություն ենք հաստատել, հայ զինվորներն այլեւս չեն զոհվելու»: Փաշինյանի 2018-20 թվականների քաղաքականությունը, նրա արած հրապարակային հայտարարությունները (վերցրեք թեկուզ «Իմ մյունխենյան սկզբունքները») խիստ հակասության մեջ են մտնում այդ թեզի հետ: Հայաստանի իշխանությունը ոչի՛նչ չի արել, որ մեր հազարավոր զինվորները չզոհվեն: Որեւէ խելամիտ մարդ չպիտի հավատա, որ այդ իշխանության նպատակը զինվորների կյանքը խնայելն է:

Նույնպիսի անհեթեթ թեզ է «հիբրիդային պատերազմը»: Նախ՝ իշխանավորները լավ չեն պատկերացնում, թե ինչ է դա: Երկրորդ՝ երբեք պաշտոնապես չեն հայտարարում, թե ով է մեր դեմ այդ պատերազմը վարում: Բայց ես այստեղ ինչ-որ բանականության տարր տեսնում եմ, քանի որ դա միջոց է ԵՄ-ից եւ այլ կառույցներից «փող կպցնելու»:

Բայց կան թեզեր, որոնք պարզապես հրեշավոր են, դուրս են մարդկային որեւէ պատկերացումներից: Եվ դրանց թվում է՝ Բաքվում ալիեւյան «արդարադատության» դատավճիռների փաստացի ողջունումը: Անձամբ ինձ թվում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանրապես որեւէ ծանր հանցագործություն կատարած մարդը ստանում է իր արժանի պատիժը, բուռն ոգեւորությունն ավելորդ է: Մենք այդ դեպքում պետք է պարզապես արձանագրենք, որ համակարգը գործել է, դա շատ լավ է, եւ վերջ: Ավելորդ են խոսակցությունները, թե «դա քիչ էր», եւ այս մարդուն պետք է այսպես անել կամ այնպես անել՝ թվարկելով օրենքով չնախատեսված խոշտանգումները: Երբեք պետք չէ մոռանալ, որ խոսքը, թեեւ շատ մեղավոր, բայց ՄԱՐԴԿԱՆՑ մասին է:

Սակայն Արցախի ղեկավարները չե՛ն կատարել այն հանցանքները, որոնք նրանց մեղսագրվում են: Նրանք դատվում են զուտ այն պատճառով, որ մենք՝ հայերս, թույլ չէինք տվել ոտնահարել մեր արժանապատվությունը եւ պաշտպանում էինք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը: ՀՀ ներկայիս իշխանությունը համամիտ է Ալիեւի հետ, որ մենք այդ իրավունքը չունեինք: Այստեղից՝ Բաքվի դատարանի դատավճիռների արդարացումը հայկական իշխանամետ սեգմենտում: Պարզվում է, որ Արցախի ղեկավարները մեղավոր են, որովհետեւ ա/ «ռսաստրուկ» են, բ/ «թալանչի են», գ/ պատասխանատու են հայաստանցի զինվորների զոհվելու համար:

Նման բաներ ասելը կամ գրելը հրեշավոր պաթոլոգիա է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment