Այլմոլորակայինների գոյությունը մարդկանց միշտ էլ վախեցրել է, գուցե որովհետեւ չգիտենք երկրաբնակների բարօրությո՞ւնն են ուզում, թե՞ ոչնչացումը։ Հովհաննես Երանյանի հեքիաթում ոլորակի բնակիչներին հետաքրքրում են մեր մոլորակի ֆուտբոլային մարզադաշտերն ու հենց ֆուտբոլը։ «Ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը» ֆանտաստիկ հեքիաթը կամ մանկապատանեկան վիպակը արձակագրի տասներկուերորդ գիրքն է եւ առաջինը` գրված մանուկների համար:
Մեդիամաքսը զրուցել է Հովհաննես Երանյանի հետ։
-Ինչո՞ւ որոշեցիք գրել փոքրահասակ ընթերցողին ուղղված ձեր առաջին գիրքը։ Գուցե մանուկների լեզվով խոսելու կարի՞ք կար։
-Թոռներիս խոստացել էի, որ իրենց համար հեքիաթ կգրեմ։ Եթե նրանց համառությունը չլիներ, հավանաբար, խոստումս կդրժեի, որովհետեւ երբ սկսեցի, հանկարծ հասկացա, որ ինձ համար չափազանց դժվար է մանուկների լեզվական աշխարհը մտնել։ Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ պիտի անչափ անկեղծ լինես, զուլալ լինես։ Փոքրիկ կեղծիքը կարող է վանել երեխային։ Կարճ ասած՝ նրանց խաղի կանոններով պիտի խաղաս։
Ավելի ուշ հասկացա, որ կարող եմ ոչ միայն թոռներիս համար գրել, այլ հենց նրանց մասին։ Այդպես երկու եղբայր դարձան հեքիաթի երկու գլխավոր հերոսները։ Գրելու ընթացքում հետները քննարկում էի նոր տեսարանները։ Երկուսն էլ անպայման ուզում էին իրենց ընկեր–ընկերուհիները նունպես հայտնվեն հեքիաթում։ Ոմանց համար տեղ գտա, մյուսներին խոստացա հաջորդ հեքիաթում ընդգրկել։ Իսկ կլինի հաջորդը կամ շարունակությունը, թե ոչ, կախված է գրքի նկատմամբ երեխաների վերաբերմունքից։ Առայժմ նրանցից, անգամ չափահաս ընթերցողներից միայն ոգեւորիչ արձագանք եմ ստանում։
-Մհերի՝ Մսր գնալու պատմությունը հավանաբար պատահական չեք մեջբերել։
-Մեծ Մհերի մասին փոքրիկ անդրադարձով ուզում էի նրանց հայացքը ուղղել դեպի մեր էպոսը։ Կարող եք նաեւ երկիրը, հայրենիքը շատ սիրելու, այն երբեք չլքելու մոտիվներ տեսնել, բայց դա ակամա ստացված բան է, այդպիսի հանձնառություն չեմ ունեցել։
-Մոլորակը կմնա խավարի մեջ, եթե անջատվեն ինտերնետ կապը, էլեկտրականության մատակարարումները։ Բայց ինչ-որ ժամանակ չի եղել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ու մոլորակը խավարում չի եղել։
-Այսօր ինտերնետի կամ էլեկտրականության մատակարարման անգամ կարճատեւ անջատումները մեզ գցում են խուճապի մեջ։ Մարդու կախվածությունը դրանցից սարսափելի է։ Ասված է. սովորին մի զրկիր։ Երբ դրանք չկային, մեր կենցաղը, առօրյան, աշխատանքային գործունեությունը, մարդկային բոլոր հարաբերությունները այլ էին։ Անշուշտ այդ ժամանակներում մոլորակը խավարի մեջ չէր, որովհետեւ դժվար է ասել՝ մոմի լո՞ւյսն է ավելի լուսավոր ու իմաստուն, թե՞ էլեկտրական լամպի։ Բայց մարդկությունն անցել է ճանապարհ եւ ոչ մի կերպ չի ցանկանա հետ դառնալ։
-Մոլորակը պահպանելու միակ տարբերակը ֆուտբոլային խաղում հաղթե՞լն է։ Փորձում եմ քաղաքական ենթատեքստ չգտնել։
-Ճիշտ եք անում։ Չեմ ցանկացել երեխաների համար գրվածքում քաղաքական ենթատեքստեր զետեղել։ Առանց այն էլ մեր բոլորի, նույնիսկ մանուկների կյանքը շաղախված է քաղաքական թույնով։ Որքան էլ ծնողները փորձեն իրենց զավակներին հեռու պահել այդ թույնից, թեեւ շատերը դրա փորձն էլ չեն անում, միեւնույն է, նրանք հակագազ հագած չեն ապրում ու թունավորվում են այն ատելությամբ, որով աղտոտված է մեր օդը։ Չէ, քաղաքական ենթատեքստ չկա այստեղ։ Բայց կա լավ խաղալու, ամեն ինչում կատարյալին ձգտելու հորդոր։ Դրանից ավելին անտեղի կլիներ։
-Ռեփ հեքիաթի առանցքային հերոսը՝ Վանը, վիշապին հաղթում է երգով։ Ու ոչ թե ռեփով, այլ հայ ժողովրդական օրորոցայինով։
-Այո, եւ սա հեքիաթ վիպակի միակ դրվագն է, որտեղ թաքցված քարոզ կա, ընթերցող մանուկներին ուղղված կոչ ու պատգամ։ Վիշապը իրեն պարտված կհամարի, եթե հուզվի Վանի երգից։ Թե ռեփը, թե ռոքը նրան չեն հուզում։ Կոչը պարզ է։ Մի մոռացիր այն մեղեդին, որը մայրդ երգել է քո օրորոցի կողքին։ Սեփական արմատներին, ազգային ու մարդկային արժեքներին հավատարիմ լինելու, օտարի տարակուսելի ձայներին կուլ չգնալու պարզունակ հորդոր է:
Մտածեցի՝ ենթադրեք, թե ես եմ Վիշապը։ Ինքս ջազ եմ շատ սիրում, ես հիանում եմ դրանով, բայց չեմ հուզվում։ Բայց բավական է, որ մեր բնիկ օրորոցայիններից մեկը լսեմ կամ ինքս երգեմ՝ սիրտս տակնուվրա է լինում։
– Գրքի վերջում Արբանի միջոցով հուշում եք, որ մարդկության հաջորդ պատերազմը ռոբոտների՞ հետ է։
– Արբանը արհեստական բանականությամբ ռոբոտ–մարդ է։ Այո, ինձ եւ, կարծում եմ, միլիոնավոր մարդկանց անհանգստացնում է հարցը, թե երբեւէ հնարավո՞ր է, որ նրանք դուրս գան մարդու վերահսկողությունից։ Գիտնականները չունեն դրա վերջնական ու համոզիչ պատասխանը։ Գիտեք երեւի, որ արհետական բանականությունն արդեն ինքնուրույն քայլերի է դիմում։
-Սլաքն ու Մկնիկը մարդկանց կողմի՞ց են լինելու, թե՞ արհեստական բանականության։
-Դեռ չգիտեմ։ Հեքիաթը գրելու ընթացքում մի օր ավտոտնակում տեսա իմ առաջին՝ Պենտիում II համակարգիչը, ստեղնաշարն ու մկնիկին։ Նրանք այնքան տխուր էին, որ մոռացված են։ Դրանց հետ կապված շատ հուշեր ունեի, մի քանի գիրք էի գրել այդ համակարգչով։ Այդպես որոշեցի շունչ տալ կարմիր մկնիկին, եւ նա դարձավ հեքիաթի կերպարներից մեկը։
Արմինե Սարգսյան