Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը՝ մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։
Այսպիսով, Հայաստանից ձկնային արտադրանքի բոլոր ներմուծումները կասեցվել են:
Գերատեսչությունը հիշեցրել է, թե «համակարգային խախտումների հայտնաբերումից հետո» «Ռոսսելխոզնադզոր»-ը նախկինում դիմել էր հայկական կողմին՝ ժամանակավորապես կասեցնելու ձկնամթերք արտադրող ընկերությունների հավաստագրումը՝ բացառությամբ ստուգմանն անմիջականորեն ներգրավված ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ի։
Այս ընկերությունների համար ներդրվել է լաբորատոր վերահսկման ուժեղացված ռեժիմ։
«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը»,- հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Նշվում է, որ գերատեսչությունն աշխատում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, բանջարեղենի, ելակի, կորիզավոր մրգերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծումը։ Հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պարտավոր էր կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը։ Մինչ այդ, Հայաստանն արտահանումը դիվերսիֆիկացնելու տարբերակներ է մշակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի