Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Քաղաքականություն

25.06.2026 | 18:02

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝  մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։

Կողմերն ընդգծել են, որ առկա քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի այցելությունները և ինտենսիվ շփումները զգալի ներդրում են ունենում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Այս համատեքստում նշվել է Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի Ադրբեջան այցի կարևորությունը՝ փոխըմբռնման խորացման և համագործակցության օրակարգի առաջխաղացման տեսանկյունից։

Քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և կապի և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Էլնուր Մամեդովը Մագդալենա Գրոնոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության օրակարգը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ընդգծվել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու, պարտավորությունները ժամանակին կատարելու և փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար առկա հնարավորություններն օգտագործելու կարևորությունը։

Կողմերն ընդգծել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շարունակման  կարևորությունը, այդ թվում՝ Ադրբեջանի ու Եվրամիության միջև երկխոսությունը և խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment