«Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հետ կապված իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է այսօր լսեն թեկնածուներին, հարցեր տան, մտքեր փոխանակեն եւ որոշում կայացնեն։ «Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ՝ մյուս գործընկերները»,- հավելեց նա։
Անդրադառնալով գործադիրի կազմի վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում, այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետեր եւ նախարարներ։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում եմ, որ տեղի կունենան»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հայտարարություն է տարածել, որով հրավիրել է աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին՝ ներառվելու կառավարության կադրային բանկում։ «Եթե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն եւ կառավարության ռազմավարական տեսլականը կկիսեն, ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նշանակումներ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ «մեծ բարեփոխում» են պատրաստում, որը ենթադրում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգում յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն կունենա իր հայտարարագրման մեջ նվիրատվություն անել երեք սուբյեկտի՝ լրատվամիջոցի, կուսակցության եւ հասարակական կազմակերպության։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: