Բաքվի նախաձեռնությամբ կոնֆերանս Վաշինգտոնում. քննարկվել է «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը

Քաղաքականություն

Բաքվի նախաձեռնությամբ կոնֆերանս Վաշինգտոնում. քննարկվել է «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունք», «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներ». սրանք մեջբերումներ են նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում բարձրացված հարցերից:

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Վաշինգտոնյան միջոցառման կազմակերպիչն Ադրբեջանի կողմից 3 տարի առաջ ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է:

Պետական «Ազերթաջը» հաղորդում է, որ «Վերադարձի և ինքնորոշման իրավունքը. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» միջազգային կոնֆերանսի մասնակիցները նաև նամակ են հղել ամերիկացի կոնգրեսականներին՝ կոչ անելով «պաշտպանել արևմտյան ադրբեջանցիների՝ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադառնալու իրավունքը իրենց հայրենի հողեր»։

Կոնֆերանսի մասնակիցները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի «արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենի տներ, կօգնի վերականգնել նրանց սեփականության իրավունքն ու պաշտպանել մշակութային ժառանգությունը»։ Նամակում նշվում է, որ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, և որ այս իրավունքի ապահովումը պետք է իրականացվի առանց ընտրողական մոտեցումների։

Կոնգրեսի անդամներին խնդրել են այս հարցով կազմակերպել լսումներ, ճեպազրույցներ և խորհրդակցություններ:

Ըստ Բաքվի պետական լրատվամիջոցների՝ սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որը Կոնգրեսում անցկացվում է Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումների վերաբերյալ։

Leave a comment