Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանն Արթուր Ավանեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխեց՝ նրա նկատմամբ սահմանելով տնային կալանք։ Արթուր Ավանեսյանն ի պատասխան դատարանի դահլիճում գտնվող լրագրողների հարցերի ասաց՝ իր համար տնային կալանքն էլ ընդունելի չէ, ինքը պետք է լինի ազատության մեջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը նշեց, կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվող խոսակցությունը եղել է ոչ թե նախընտրական քարոզչության ընթացքում, այլ դրանից բավականին շուտ՝ փետրվարին։

Լրագրողները հարցրեցին նրա կարծիքը, արդյոք ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները։

«Դեռ մանդատների ժամանակը չի, դեռ գործողություն կա անելու»,-ասաց նա։

Այլ հարցերի Ա. Ավանեսյանը չպատասխանեց՝ կատակելով, եթե պատասխանի քաղաաքական թեմաներով հարցերին, նորից իրեն կկալանավորեն։

Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով տվել է ընտրակաշառք: Մեղադրական եզրակացության համաձայն. ««Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:

Արթուր Նիկոլայի Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Արթուր Իսկանդարյանին, վարույթով դեռևս չպարզված ժամանակ անձամբ առաջարկել է առավելություն, այն է՝ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս ՀՀ Զինված ուժերում խոստացել է պաշտոն, որպիսի առաջարկը և խոստումը Արթուր Ավանեսյանը վերահաստատել է 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:37-ի սահմաններում, Արթուր Իսկանդարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Վերոգրյալ գործողություններով Արթուր Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից:

Բացի այդ, Արթուր Ավանեսյանը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 21:03-ի սահմաններում, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Զաքարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս առաջարկել է գույք և այլ առավելություն, այն է՝ Գեղամ Զաքարյանին խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն»։

Leave a comment